ԵԽ գլխավոր քարտուղարն աջակցություն է հայտնել Մինսկի խմբի համանախագահներին

11:56 • 12.01.17

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը, տեղեկացնում է ԵԽ գրասենյակը:

«Եվրոպայի խորհուրդն ուղղակի դերակատարություն չունի բանակցություններում և մշտապես աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին: Այնուամենայնիվ, մենք մտահոգված ենք հակամարտության հումանիտար ասպեկտների առնչությամբ»,- նշել է Յագլանդը:

ԵԽ գլխավոր քարտուղարը նաև հայտնել է, որ տեղյակ է 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հրադադարի ռեժիմի խախտման փաստին, որի հետևանքով եղան զոհեր, իսկ մարտում սպանված ադրբեջանցի զինծառայողի դիակը շարունակում է մնալ հայկական կողմում:

«Ես հորդորում եմ կողմերին հարգել հրադադարի ռեժիմը և լիակատար աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` դիակը վերադարձնելու կոչին` համաձայն 2010 թվականի Աստրախանի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածության և հաշվի առնելով խնդրի հումանիտար բնույթը»,- ասել է նա: