«Թալիբանի» առևանգած դասախոսներն օգնություն են խնդրել Թրամփից
Հինգ ամիս առաջ առևանգված ամերիկացի և ավստրալացի պրոֆեսորները խնդրանքով դիմել են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, որպեսզի նա օգնի ազատել իրենց «Թալիբան» ահաբեկչական խմբավորումից: «Թալիբանը» հրապարակել է պատանդների ուղերձով տեսանյութը, գրում է The Guardian-ը:
Պարբերականի հաղորդմամբ` սա առաջին անգամն է, երբ դասախոսների մասին տեղեկություններ են հայտնվել նրանց առևանգելու պահից ի վեր:
Նշվում է, որ 13 րոպե տևողությամբ տեսանյութում տղամարդիկ աղաչում են Դոնալդ Թրամփին բանակցությունների մեջ մտնել ահաբեկիչների հետ:
Հայտնի է, որ ԱՄՆ 60-ամյա քաղաքացի Քևին Քինգն ու 48-ամյա ավստրալացի Թիմոթի Ջոն Ուիքսն առևանգվել են 2016 թվականի օգոստոսի 7-ին` իրենց աշխատավայր հանդիսացող Աֆղանստանի Ամերիկյան համալսարանի տարածքից դուրս:
Կայքը հիշեցնում է, որ սեպտեմբերին ԱՄՆ Հատուկ գործողությունների ուժերի գործողությունը չի պսակվել հաջողությամբ. օպերատիվ տեղեկություն ստանալուց հետո ստորաբաժանման ուժայինները տեղ են ժամանել և մի քանի գրոհային ոչնչացրել, սակայն չեն հայտնաբերել գերիներին:










