Բրեյվիկը հայտարարել է, որ իր ծայրահեղական հայացքներն ավելի են ծայրահեղականացել կալանավայրում
Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը, ով դատապարտվել է 77 մարդու սպանության համար, իսկ այժմ դատարանի միջոցով փորձում է հասնել բանտում գտնվելու պայմանների բարելավման, վստահ է, որ իր ծայրահեղական հայացքները վերջին տարիներին ավելի են սրվել, և դրա պատճառ է համարում արտաքին աշխարհից մեկուսացումը: Այդ մասին նա հայտնել է՝ ելույթ ունենալով նորվեգական Շիեն բանտում դատական նիստի ժամանակ, հայտնում է ТАСС-ը:
Դատական նիստերը, որոնց ընթացքում քննարկվում են Օսլոյի շրջանային դատարանի որոշման վերաբերյալ Նորվեգիայի արդարադատության նախարարության և հենց ահաբեկչի բողոքարկումները, սկսվել են երեքշաբթի: Անցած տարի դատարանը վճռել է, որ Բրեյվիկի իրավունքները խախտվում են բանտում, նրա համար ստեղծված պայմաններն անմարդկային են, սակայն երկու կողմերը դժգոհ են մնացել դատարանի վճռից:
«Այս ամբողջ ընթացքում ես ամբողջությամբ մեկուսացված եմ եղել, բայց չեմ ուղղվել: Ես ոչ մեկի հետ չէի կարող խոսել… Ես ավելի ու ավելի տարօրինակ եմ դարձել: Ես ցնցված եմ մեծ մասամբ այն բաներից, ինչ ինքս գրել եմ վերջին հինգ տարիներին (բանտում անցկացրած): Ես ամբողջությամբ մեկուսացված եմ եղել, ինձ ոչ մեկ ոչ մի անգամ չի ուղղել»,- ասել է նա:
«Ես խաբել եմ ինքս ինձ, որովհետև տուժել եմ մեկուսացումից: Ծայրահեղականացումը դրա հետևանք է: Ես քիչ չեմ տուժել, ես շատ եմ տուժել, դա սկսվել է դեռ Իլայում (բանտը, որտեղ նա պահվում էր մինչ Շիեն տեղափոխվելը)»,- հավելել է Բրեյվիկը:
Հիշեցնենք, որ Անդերս Բրեյվիկը 2011թ. հուլիսի 22-ին 77 մարդ էր սպանել և դատապարտվել 21 տարվա ազատազրկման:










