Բա ինչ, իմ ճակատագրի դեմ կպայքարեմ, կուզեմ իմ թասիբս պահպանեմ. ոտքեր չունեցող տաքսու վարորդ Սերյոժա
Գյումրեցի վարորդ Սերյոժա Թադևոսյանը, ով ոտքեր չունենալով տաքսի է վարում,Tert.am –ի հետ զրույցում ներկայացնում է իր մոտեցումները կյանքի ու մարդկանց, կուսակցությունների և աշխատելու վերաբերյալ:
-Պարո՛ն Թադևոսյան, հայտնի է, որ Գյումրու սոցիալական ծառայությունը Ձեզ հատկացված աղքատության նպաստը սեպտեմբերից կտրել էր, Ձեզ գտել էին, գնացել էիք, փաստագրվել: Փոխհատուցում, ըստ Ձեզ, պետ՞ք է լինի:
-Չէ, ես էդպես ակնկալիք չունեմ: Պռոստո, որ տան… կուտան, կուտան, չեն տա, էլի հալալ էղնի իրենց:
- Պարո՛ն Սերյոժա, ինչպե՞ս եք վերաբերում նրան, որ մարդիկ ձեռք էլ ունեն, ոտք էլ, ձեռք են մեկնում, գումար հավաքում:
-Վայ, էտիկ սխալ բան է; Իմ ձեռքիս մատներս էլ է կտրած ոտքերից բացի, ինֆարկտ էլ եմ տարել, ոտքերս էլ կտրված, բայց ես սխալ կհամարեմ: Մարդն ինքն իրենով պետք է պայքարի, ես դա ճիշտ կհամարեմ, ու մենակ ես չէ, բոլորն էլ ինձ խրախուսում են: Ես էլ ասում եմ` ես չեմ կըրնա ձեռքս մեկնել փող ուզել ուրիշից: Ես իմ ճակատագրի դեմ կպայքարեմ: Ես ոչ ուրիշին վնաս կտամ, ոչ ուրիշին հաց կկտրեմ, ոչ էլ կյանքում ձեռս կտնկեմ, կամ էթամ ժամի դուռը նստեմ, փող մուրամ: Ամոթ չէ՞:
- Գյումրիում հայտնի եք որպես «գարմոնիստ Սերոժ», մի քիչ կպատմե՞ք:
-Ուղղակի հարսանիքների եմ նվագել, շատ «կլենտներ» եմ ունեցել, Գյումրուց մինչև Վլադիկավկազ` Գրոզնի: Էն ժամանակ Գրոզնի էր: Սոչի, Հայաստանից դուրս անընդհատ հրավիրել են, ես գնացել եմ, լավ է եղել, կյանքս լավ է եղել, էս հիվանդությունը ընձի գցեց անդունդը: Լրիվ զրոյից էլ ցածր եղա, մինուս: Հմի ես իմ ճակատագրիս դեմ կպայքարեմ, կուզեմ իմ թասիբս, նամուսս պահպանեմ:
- Իսկ Դուք ինչ-որ կուսակցության համակրո՞ւմ եք: Հայտնի է, որ շատ քաղաքական ելույթներ եք ունենում, պայքարում եք տաքսիստների իրավունքների համար:
-Այո, ես նման բաների մասնակցել եմ, գիտե՞ս ինչու համար: Մեքենայով էդքան փող չեմ աշխատում, որ «շոչիկ» դնեմ։ Ի՞նչ ենեմ, չկա, էդքան փող չեմ աշխատում ես Գյումրիում: Մեռած է, մարդիկ «մարշրուտկու» փող չունեն։ Մեր ամենաթանկ «պասադկեն» 500 դրամ է, կա որ 400:
-Կիսադատարկ են, կարծես, Գյումրիում երթուղայինները:
- Մարդիկ անվճարունակ են: Ես չեմ կարա փող մուրամ, յոլա կերթամ: Սոված մնացի, սոված կմնամ:
- Սովա՞ծ եք մնում:
- Չէ, սոված չեմ մնացել, հա, հաց ու պանիր կուտեմ:
-Ապրիլի 2-ին ԱԺ ընտրություններն են: Որևէ կուսակցության ընտրելո՞ւ եք:
-Ես ի՞նչ գործ ունեմ կուսակցության հետ… ընտրություն ա, եթե ճամփեքը սարքին, կրնամ «կալյասկով» գնամ, կգնամ: Բայց կոնկրետ ինչ-որ կուսակցության համախոհ չեմ ես:
-Այսինքն` ոչ մեկին էլ չե՞ք հավատում:
- Գիտես ինչ, ես հավատքս կորցրած մարդ եմ, ընդհանրապես ապրելու համար: Ուր մնաց կուսակցության համար:










