Ինչ ակնկալիքներ կան ԱԺ առաջիկա ընտրություններից. հարցախույզ Երևանում (տեսանյութ)
Ընդդիմադիրներն ԱԺ ընտրություններին պետք է միասնական ճակատով մասնակցեն, այլապես հաջողության հասնել չեն կարող։ Այս մասին Tert.am-ի հարցախույզի ընթացքում նշեցին մի շարք քաղաքացիներ։
«Հիմա առանձին դաշինքներ ձևավորվում են, բայց անհրաժեշտ է, որպեսզի բոլորը համախմբվեն»,- մանրամասնեց քաղաքացիներից մեկը։
Հարցախույզի մասնակիցները նաև ընդգծեցին, որ ակնկալում են, որ քաղաքական ուժերը ընտրություններին ընդառաջ հստակ ծրագրեր կներկայացնեն։
«Պետք է սատարել այնպիսի քաղաքական ուժերի, որոնք կներկայացնեն առաջարկներ, ծրագիր Ղարաբաղյան հիմնահարցի լուծման, ազատ շուկայական տնտեսություն ունենալու վերաբերյալ, հետո նաև մնացած հարցերի վերաբերյալ՝ հարաբերություններ արևմուտքի, արևելքի, Իրանի ու նաև Թուրքիայի հետ»,- մանրամասնեց քաղաքացիներից մեկը։
Հարցախույզի մասնակիցների դիտարկմամբ՝պատերազմի վտանգը և տնտեսական խնդիրները խանգարում են երկրի զարգացմանը, ուստի քաղաքական ուժերի դիտակետում առաջին հերթին այս հարցերը պետք է լինեն։
Հարցվածներից մի քանիսը նշեցին, որ ընտրություններից ընդհանրապես ակնկալիքներ չունեն։
«Խաչ եմ քաշել ընտրությունների վրա էլ, ակնկալիքների վրա էլ... Սա վերարտադրության հարց է լուծելու, ոչինչ չի փոխվելու»,- ընդգծեց մեկ այլ քաղաքացի։
Հարցվածների մի մասի կարծիքով էլ՝ քաղաքական ուժերը ոչինչ փոխել չեն կարող, փոփոխություն կլինի միայն այն ժամանակ, երբ ժողովուրդը համախմբված ոտքի կանգնի։
Մանրամասները՝ տեսանյութում։










