Կարեն Կարապետյանի դեմ աշխատում են թե՛ իշխանական որոշ թևեր, թե՛ ընդդիմադիրները. քաղտեխնոլոգ (տեսանյութ)

14:40 • 16.01.17

Նախընտրական գործընթացները մեկնարկել են դեռևս այն ժամանակ, երբ հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց ապրիլի 2-ին ԱԺ ընտրություններին կայացման մասին փաստաթուղթը։

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ ընգծելով, որ այժմ կուսակցությունները ընկած են ձևի, ոչ թե բովանդակության հետևից։

«Ամենայն հավանականությամբ՝ ՀՀԿ-ն ընտրություններին կգնա միայնակ։ ՀՀԿ-ն ունի և ուժեղ և թույլ կողմեր. նրա ուժեղ կողմերից մեկը նոր նշանակված վարչապետն է։ Հանրապետականը հենց վարչապետի նշանակմամբ սկսեց թաքնված քարոզարշավը, վարչապետը որոշակի գործողություններ իրականացրեց մենաշնորհի հետ կապված»,-մանրամասնեց քաղտեխնոլոգը։

Արմեն Բադալյանի դիտարկմամբ՝ Կարեն Կարապետյանի թույլ կողմ այն է, որ մինչև այսօր հանդես է եկել, որպես մենեջեր և ոչ թե քաղաքական գործիչ, այնինչ վարչապետի պաշտոնը քաղաքական է։ Արմեն Բադալյանն ընդգծեց, որ պատահական չէ այն, որ այսօր վարչապետի դեմ փորձում են աշխատել թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական որոշ ուժեր։

«Վարչապետը Հայաստանին նայում է որպես ԲԲԸ-ի: Նայում է՝ որ ոլորտն է վատ, փորձում է չեզոքացնել, մենեջերը միշտ պարտվում է քաղաքական գործչին»,- ասաց Բադալյանը:

Արմեն Բադալյանը մանրամասնեց, որ վարկանիշային քվեարկությունը կարող է պրոբլեմ դառնալ նաև ՀՀԿ-ի համար, գործարարների՝ խորհրդարանում հայտնվելը այլևս ձեռնտու չեն համարում, իսկ ռեյտինգայինը ենթադրում է, որ ռեյտինգային թեկնածուն «պետք է ավելի շատ փող բաժանի»։

Քաղտեխնոլոգն անդրադարձավ նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալուն և նշեց, որ ԲՀԿ-ն հենց դրան է սպասում, իսկ մյուս քաղաքական ուժերը դեռ բանակցում են:

Ինչ վերաբերում է «Հայ ազգային կոնգրեսին», ապա, քաղաքագետի խոսքով, նրանք կարող ստանալ դրսից աջակցություն՝ հաշվի առնելով այն, որ իրենց համագումարի ընթացքում առաջին նախագահը «խաղաղություն հիմա» մոտեցումն է ներկայացրել։

Ասուլիսի մյուս բանախոս, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն էլ ընդգծեց, որ քաղաքական ուժերի որոշակի անորոշությունը պայմանավորված է Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու-չվերադառնալու գործոնով՝ հավելելով, որ ինքն ավելի շատ հակված է մտածել, որ Ծառուկյանը չի վերադառնալու քաղաքականություն՝ ինչ-ինչ գործոններից ելնելով։

«Իշխանությունը փորձելու է ավելի խայտաբղետ պատկեր ստանալ: Ներկապնակը խորհրդարանում ձևավորվելու է իշխանության կողմից»,-ասաց նա։

Բանախոսներն անդրադարձան նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին՝ նշելով, որ նրա գործոնը խիստ գերագնահատած է։

«Արտահայտությունը, թե նա մտնում է քաղաքականություն, մեղմ ասած՝ գրագետ արտահայտություն չէ, քանի որ Սեյրան Օհանյանն առնվազն տասը տարի եղել է քաղաքական պաշտոնում` նախարար է եղել, ինչը քաղաքական պաշտոն է. ստացվում է, որ 10 տարի քաղաքականությամբ չի զբաղվել։ Օհանյանը քաղաքական դաշտում չի կարող լոկոմոտիվ լինել, միայն ապրիլի 2-ը բավարար է դա ասելու համար»,-ասաց նա։

Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ էլ՝ Սեյրան Օհանյանը կարող է հավակնել, որ Գագիկ Ծառուկյանի կորսված ձայներն իրեն կանցնեն, բայց ընդդիմությանը կոնսոլիդացնող դաշինք կարող է լինել «Ելքը»։