Մերկելն աղետալի սխալ թույլ տվեց՝ բացելով դուռը ներգաղթյալների առաջ. Թրամփ

11:47 • 16.01.17

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը բրիտանական The Times of London և գերամանական Bild պարբերականներին տված հարցազրույցում խոսել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մասին՝ նշելով, որ նա աղետալի սխալ է գործել՝ թույլ տալով բոլոր ապօրինի ներգաղթյալներին մուտք գործել երկիր:


Թրամփի խոսքով՝ չնայած, որ ինքը շատ է հարգում Մերկելին ու նրան ֆանտաստիկ ղեկավար է համարում, այնուհանդերձ՝ կարծում է, որ փախստականների առաջ դուռ բացելն աղետալի սխալ է, որի համար Գերմանիան դեռ վճարելու է:


«Դուք թույլ եք տալիս, որ բոլոր այդ մարդիկ մուտք գործեն երկիր՝ չիմանալով, թե նրանք ով են ու որտեղից են գալիս: Կարծում եմ, որ նա (Մերկել-Tert.am) աղետալի, շատ լուրջ սխալ է գործել: Ճիշտ է, մարդիկ սխալվում են, սակայն նրա դեպքում այդ սխալը չափազանց լուրջ է: Մինչդեռ նախկինում Գերմանիան միգրացիայի առումով ամենախիստ երկրներից էր աշխարհում»,-ասել է ԱՄՆ 45-րդ նախագահը:


Երբ լրագրողը հետաքրքրվել է, թե արդյոք Թրամփը կաջակցի Մերկելին աշնանը կայանալիք կանցլերի ընտրություններում, 70-ամյա միլիարդատերը պատասխանել է.«Ես հարգում, հավանում եմ նրան, սակայն լավ չեմ ճանաչում, ուստի՝ չեմ կարող ասել՝ կաջակցեմ, թե ոչ»: