ԼՂՀ-ն երբեք, ոչ մի օր չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, չկա և  չի լինելու. Էդուարդ Շարմազանով

18:47 • 17.01.17

 

Լեռնային  Ղարաբաղի Հանրապետությունը երբեք, ոչ մի օր չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, չկա և  չի լինելու. Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարության, թե  Ղարաբաղը կարող է ինքնավար լինել միայն Ադրբեջանի կազմում:

«ԼՂՀ-ի կարգավիճակի ապագայի միակ և հիմնական որոշողը Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն է և Ադրբեջանը թող իր մտքից հանի, որ ԼՂՀ-ն երբևէ կարող է լինել Ադրբեջանի մաս»,- ասաց Շարմազանովը՝ հավելելով, որ Ադրբեջանը որքան շուտ համակերպվի Լեռնային Ղարաբաղի անկախության հետ, այդքան ավելի լավ հենց Ադրբեջանի համար.

Շարմազանովն՝ ի գիտություն Ադրբեջանի իշխանությունների՝ նշեց, որ ԼՂ ժողովրդի սրբազան պայքարը ազատ և անկախ հայրենիքում ապրելու համար էր:

Անդրադառնալով Մամեդյարովի այն հղմանը, թե Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը չի կարող կոմպրոմիսի առարկա դառնալ, Շարմազանովն էլ իր հերթին ընդգծեց. «ԼՂ կարգավիճակի հարցում որևէ  կամպրոմիս մեր կողմից չի կարող լինել: Ղարաբաղի ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ճակատագիրը, և 1991թ-ի հանրաքվեին որոշել է իր ճակատագիրը։ Ղարաբաղը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, որովհետև այդպես որոշել է ԼՂՀ ժողովուրդը»,- ասաց նա:

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ նման հայտարարությունները Ադրբեջանի իշխանությունների կողմից խոսում են այն կարևոր փաստի մասին, որ Ադրբեջանը կոպտորեն մերժում է  երեք սկզբունքներից առնվազն երկուսը՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը և երկրորդը՝ ուժի կիրառման սպառնալիքից զերծ մնալ:

«Այդ հայտարարությունը դուռ է փակում բանակցային գործընթացի առաջընթացի համար, որը նաև չի բացառում Ադրբեջանի կողմից նոր ռազմական ավանտյուրաներ: Նման ուլտիմատումային, փակուղային հայտարարությունները խոսում են այն մասին, որ Ադրբեջանը պատրաստ չէ փոխզիջումների արդյունքում հասնել տարածաշրջանային խաղաղության, յուրաքանչյուր նման հայտարարությամբ Ադրբեջանն ավելի է լարում իրավիճակը տարածաշրջանում»,- ասաց նա: