Կ. Ռուբինյանն ու Թ. Պողոսյանն առաջիկա ընտրություններին չեն մասնակցի, Ռ. Հակոբյանն ու Վ. Խաչատրյանը դեռ չեն որոշել, Ա. Ախոյանը՝ կմասնակցի ՀՀԿ-ի հետ
Քաղաքական անհատ գործիչներն այսուհետ նոր Սահմանադրության համաձայն կարող են օրենսդիր աշխատանքով զբաղվել միայն որևէ կուսակցության ցուցակում ընդգրկվելով: Որևէ գործիչ չի կարող առանձին մասնակցել խորհրդարանական ընտրություններին. պատգամավորական մանդատ ստանալու համար քաղաքական գործիչները ընտրություններին պիտի մասնակցեն քաղաքական ուժի հետ:
Tert.am-ը անհատ, անկուսակցական գործիչներից փորձեց պարզել՝ մասնակցելո՞ւ են ԱԺ ընտրություններին, թե՞ ոչ:
ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն ասաց, որ դեռ չի հստակեցրել մասնակցելո՞ւ է ընտրություններին, թե ոչ, ի՞նչ ձևաչափով կամ ո՞ր քաղաքական ուժի հետ:
Իրավապաշտպան Վարդան Խաչատրյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռ որոշում չունի՝ մասնակցելո՞ւ է խորհրդարանական ընտրություններին, թե ոչ: Միաժամանակ, Խաչատրյանն ասաց, որ «մի շարք ընդդիմադիր ուժերի հետ բանակցություններ վարում է, բայց դեռ չի հստակեցրել»:
ՀՀՇ-ից հեռացած, ԱԺ նախկին պատգամավոր Կարապետ Ռուբինյանն էլ ասաց, որ ընտրություններին մասնակցելու է որպես ընտրող: Նա նշեց, որ անձնական պատճառներով վերջին 3 տարում շատ է բացակայել երկրից, ուստի, ըստ օրենքի, առաջադրվելու իրավունք, կարծես թե, չունի: Բացի այդ, Ռուբինյանը շեշտեց նաև, որ եթե ընտրություններին մասնակցելու իրավունք էլ ունենար, միևնույն է՝ չէր առաջադրվի նվազագույն անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: «Էլ չասեմ, հավանաբար գիտեք, որ ոչ մի կուսակցության անդամ կամ ակտիվ համակիր չեմ և ցուցակների շուրջ ընթացող ներկայիս եռուզեռից շատ հեռու եմ»,- հավելեց նա:
Tert.am-ը փորձեց ԱԱԾ նախկին ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանից էլ ճշտել՝ կմասնակցի՞ խորհրդարանական այս ընտրություններին: Վերջինս սակայն, ասաց, որ Հայաստանում չէ և հարցերին պատասխանել չի կարող:
Նախկին ԲՀԿ-ական Արագած Ախոյանը Tert.am-ին ասաց, որ ընտրություններին մասնակցելու է հավանաբար ՀՀԿ ռեյտինգային՝ տարածքային, ընտրացուցակով, բայց կուսակցության անդամ, ամենայն հավանականությամբ, չի դառնալու:
Ախոյանն ասաց, որ ինքը հակված է պետականամետ ուժերի հետ մասնակցել խորհրդարանական ընտրություններին, իսկ ՀՀԿ-ն հենց այդպիսին է: «Եթե իշխանություն է, պետականության առաջնորդն է, պետության շոգեքարշն է, ուրեմն՝ պետականամետ ուժ է: Հնարավոր է, որ ՀՀԿ-ի հետ էլ մասնակցեմ: Բայց ես անկուսակցական եմ, եթե մասնակցեմ ՀՀԿ-ի ցուցակով, չի նշանակում, որ կդառնամ կուսակցական: Այդ մասին խոսք չի եղել, դա հետագայի հարց է»,- ասաց Ախոյանը՝ նշելով, որ պաշտոնապես օրերս կհայտարարի:
Պատգամավոր Թևան Պողոսյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ չի մասնակցելու խորհրդարանական առաջիկա ընտրություններին, զբաղվելու է վերլուծական-հետազոտական աշխատանքով:










