Վրացական ՀԿ-ները պահանջում են հրապարակել Հայաստան գազի տարանցման վերաբերյալ «Գազպրոմ»-Վրաստան համաձայնագրի մանրամասները
Վրաստանում 80 ոչ կառավարական կազմակերպություն կառավարությանն է դիմել ուղերձով, որում պահանջում են հրապարակել ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ Վրաստանով Հայաստան գազի տարանցման վերաբերյալ պայմանագրի մանրամասները, գրում է Грузия Online-ը:
«Վրաստանի և Ռուսաստանի միջև այդ տեսակի պայմանագրի հարցը չի կարող դիտարկվել միայն կոմերցիայի շրջանակներում, քանի որ Ռուսաստանն օկուպացրել է մեր երկիրը»,- հայտարարել է Տնտեսական քաղաքականության հետազոտական կենտրոնի տնօրեն Նինո Էվգենիձեն «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Քաղաքացիական հատվածը կառավարությանն ուղղված ուղերձում նշում է այն վտանգները, որոնք կարող է առաջացնել ռուսական ընկերության հետ պայմանագրի պայմանների փոփոխությունը:
«Հասկանալի չէ՝ երբ մեզ ասում են, որ այդ պայմանագիրը կոմերցիոն գաղտնիք է: Եվ դա այն դեպքում, երբ Ռուսաստանն օկուպանտ է: Դա պարտվողական համաձայնագիր է, որը վնասում է Վրաստանին»,- լրագրողներին հայտարարել է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակական ֆորումի ազգային հարթակի նախագահ Լաշա Տուգուշին:
Ինչպես արդեն հաղորդվել է, Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն վերջերս հայտարարել է, որ «Գազպրոմ էքսպորտ» ընկերության հետ բանակցությունների երեք փուլից հետո վրացական կողմը համաձայնել է ստորագրել համաձայնագիրը, որի համաձայն Հայաստան վրացական տարածքով ռուսական գազի տարանցման արժեքը վճարվելու է ոչ թե գազով, ինչպես դա եղել է նախկինում, այլ գումարով: Գումարը, որը Վրաստանը ստանալու է գազի տարանցման համար, կոմերցիոն գաղտնիք է հայտարարվել:










