Դոնալդ Թրամփը դստերը շփոթել է անծանոթ կնոջ հետ
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր դստեր` Իվանկայի փոխարեն անգլիական Բրայթոնում բնակվող նրա անվանակցին է նշել իր թվիթերյան գրառման մեջ:
Թրամփը մեջբերել է իր դստերը գովերգող մեկ այլ օգտատիրոջ գրառումը, սակայն Իվանկա Թրամփի փոխարեն Իվանկա Մայիչին պատկանող էջն է նշել:
Գրառման մեջ ասվում է հետևյալը. «Իվանկա Թրամփը ուժեղ կին է` ինքնուրույն բնավորությամբ և ոճով»:
Իվանկա Մայիչը BBC-ին հայտնել է, որ առավոտ կանուխ լրագրողներն արթնացրել են իր ամուսնուն` հարցեր տալով իր կնոջ անունը գրառման մեջ ներառելու մասին:
Անգլուհին իր հերթին ԱՄՆ նախագահի գրառմանը պատասխանել է հետևյալ կերպ. «Դուք մեծ պատասխանատվություն ունեցող անձնավորություն եք: Խորհուրդ եմ տալիս ուշադիր վարել թվիթերի էջը և շատ ժամանակ հատկացնել կլիմայի խնդիրներին»:










