Զինծառայողների հարազատները հիմնականում բողոքում են բժշկական հետազոտությունների արդյունքներից. ՄԻՊ տեղակալ
Զինծառայողների ընտանիքի անդամները Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ հիմնականում դիմում են կրկնակի բժշկական հետազոտություններ անցկացնելու անհրաժեշտության մասին գրություններով։ Այս մասին Tert.am-ի հետ զրուցում նշեց ՄԻՊ տեղակալ Հրաչյա Պալյանը՝ հավելով, որ 2016թ-ի բժշկական հանձնաժողովների որոշումներ են փոփոխվել, տարկետման որոշումներ են կայացվել։
«Զինծառայողի ծնողը բողոք է ներկայացնում, որ իր որդին ոչ պատշաճ հետազոտություն է անցել, այստեղ գործ ունենք ոչ միայն իրավական ընթացակարգի, այլ զինծառայողի ընտանիքի անդամի հոգեբանական վիճակի հետ, լինում են դեպքեր, երբ իրականությունը այլ է լինում, այդ մասին է վկայում նաև զինծառայողը առանձնազրույցի ընթացքում»,-մանրամասնեց Հրաչյա Պալյանը։
Մարդու իրավունքների պաշտպանին դիմում են նաև ծառայության վայրի հարցով, զորամասի ներսում իրավիճակի վերաբերյալ գրավոր դիմումներ չեն ստացվում։
Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալը ընդգծեց, որ դեռևս դիմումների քանակի վերաբերյալ ստույգ ցուցանիշ չի կարող ներկայացնել, զինծառայողների իրավունքների վերաբերյալ տարեկան արտահերթ զեկույցում ցուցանիշը կներկայացվի։
Հրաչյա Պալյանից հետաքրքրվեցինք նաև, թե կոնկրետ ի՞նչ գործառույթ է իրականացնելու Մարդու իրավունքների պաշտպանի 2017 թվականի հունվարի 9-ի որոշմամբ ստեղսծված պաշտպանին առընթեր Զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհուրդը։ Եվ արդյոք դա չի՞ նշանակում, որ ՄԻՊ-ը չի կարողանում զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերում հասնել խնդրի լուծմանը՝ բարդությունների հանդիպելու պատճառով։
«Խորհրդի ստեղծումը չի նշանակում, որ ՄԻՊ-ը իր լիազորությունների իրականացման ընթացքում որոշակի բարդությունների է հանդիպել, ուղղակի խնդիրը հետևյալն է, որպեսզի և՛ ՀԿ-ների ներգրավվածությունը ապահովվի, և՛ ապահովվի տարբեր ոլորտների մասնագետների փորձագիտական գնահատականը, դա ամենևին չի նշանակում, որ ՄԻՊ-ը առանց խորհրդի ոչ պատշաճ է իրականացնում իր լիազորությունները»,-ընդգծեց նա։
Հրաչյա Պալյանը մանրամասնեց, որ խորհրդում ներգրավված են 8 հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, հոգեբաններ իրավաբաններ։
«Խորհրդի անդամ կարող լինել պահեստազորում հաշվառված զինծառայող, կամ զինծառայողի ընտանիքի անդամ, վերջիներս կարող են մասնակցել նիստին, Խորհրդի նպատակն է աջակցել Պաշտպանին վեր հանելու զինապարտների, այդ թվում՝ զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները և ներկայացնելու դրանց լուծմանն ուղղված առաջարկներ: Խորհրդի կողմից կիրականացվեն նաև զինապարտության և զինվորական ծառայության հետ կապված օրենսդրության վերլուծություններ, ինչպես նաև առանձին հարցերի վերաբերյալ Պաշտպանին կտրամադրվեն փորձագիտական գնահատականներ»,-նկատեց նա։
Հրաչյա Պալյանը ընդգծեց, որ ՄիՊ-ի լիազորությունների սահմաններում խորհուրդը կարող է նաև իրավական և հոգեբանական աջակցություն ցուցաբերել զինծառայողներին և նրա ընտանիքի անդամներին։
Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալն ընդգծեց, որ օրինակ Էստոնիայում և ԱՄՆ–ում կա զինծառայողներին նրանց ընտանիքի անդամներին հոգեբանական աջակցություն տրամադրող ծառայություն։
Մանրամասները՝ տեսանյութում










