Ռուսաստանը ճիշտ է վարվել՝ որոշելով ռազմական գործողություն սկսել Սիրիայում. Լավրով
Ռուսական կողմը վստահ է, որ ճիշտ է վարվել՝ որոշելով Սիրիայում ռազմական գործողություն սկսել: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գորւմ է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք վստահ ենք, որ ճիշտ ենք վարվել, երբ դրական ենք պատասխանել Սիրիայի՝ ՄԱԿ-ի անդամ երկրի օրինական կառավարության խնդրանքին, մի երկիր, որի մայրաքաղաքը երկու-երեք շաբաթում կարող էր գրավվել ահաբեկիչների կողմից: Եվ այն, որ մեզ հաջողվեց հետ քշել ահաբեկիչներին Դամասկոսից և օգնել սիրիական բանակին ազատագրել Հալեպը, կարծում եմ, դա շատ կարևոր է: Կարևոր է, նախևառաջ, Սիրիան բազմազգ, բազմակրոն, աշխարհիկ պետություն պահպանելու համար, ինչպես դա պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը»,- ասել է Լավրովը Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
Ըստ նախարարի՝ նրանք, ովքեր կես տարի առաջ լուռ նայում էին, թե ինչպես են ԻՊ-ը և այլ ավազակներ շրջապատում Հալեպը, իհարկե, հանցագործություն էին գործում, քանի որ «ուղղակիորեն խախտում էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որը պահանջում էր թույլ չտալ Սիրիան վերածել իսլամական պետության»։










