Մենք քեզ հետ ենք, Կարո. Սերժ Թանկյանը՝ Կարո Փայլանին

16:41 • 17.01.17

Ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը հաջակցություն Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի գրառում է արել Facebook-ի իր էջում: Իր գրառման մեջ նա Փայլանին իրական հերոս է անվանել և կիսվել նրան խորհրդարանի առաջիկա 3 նիստից հեռացնելու մասին լուրով:


«Այն հատուկ օրը, ինչպիսին այսօրն է (հունվարի 16-ը-Tert.am), երբ մենք հիշում ենք Մարթին Լյութեր Քինգին և այն արժեքները, որոնց համար նա պայքարում էր, Էրդողանի իշխանությունը Թուրքիայում հեռացրել է պատգամավորին (նիստերից-Tert.am)` ցեղասպանությունը հիշատակելու համար: Կարո Փայլանն իրական հերոս է, որովհետև չափազանց հեշտ է ճշմարտությունն ասել մի հասարակությունում, որտեղ դա հետևանքներ չի ունենա, բայց շատ վտանգավոր է նույնն անել մի հասարակությունում, որտեղ դա կարող է հետևանքներ ունենալ: Ես մեծ պատիվ եմ ունեցել հանդիպելու նրան անցած տարի: Մենք քեզ հետ ենք, Կարո»,- գրել է Թանկյանը:


Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ Կարո Փայլանը խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ նշել էր, որ Թուրքիայում Սահմանադրության առաջին օրինակը կազմվել է հայերի կողմից, և ընդգծել, որ երկիրն ընկղմվեց քաոսի մեջ այն բանից հետո, երբ իշխանությունները սկսեցին ներկայացնել միայն թուրքերի շահերից բխող Սահմանադրության օրինակներ, ինչպես և հիմա:


«Այդ քաոսային շրջանում մենք կորցրինք չորս ազգի՝ հայերին, հույներին, ասորիներին և հրեաներին, որոնք մեծ կոտորածների և ցեղասպանությունների հետևանքով այս հողերից կա՛մ աքսորվել են, կա՛մ տանջանքների են ենթարկվել», - ասել էր Փայլանը:

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների պատգամավորներն ընդհատել էին հայազգի պատգամավորին` «դաշնակցականների ահաբեկչության» և «հայերի ապստամբությունների» մասին վանկարկումներով, ու բոյկոտել նրա ելույթը՝ սեղաններին զարկելով: Փայլանին քննադատել են նաև ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչները: