ՌԴ-ում ավտոսրահը տարհանել են կնոջ մեքենային խանդոտ ամուսնու կողմից ամրացված վերահսկման սարքի պատճառով

21:05 • 17.01.17

Միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի Սուրգուտ քաղաքում, որի ավտոսրահներից մեկի աշխատակիցը մեքենայի տեխզննման ժամանակ կասկածելի առարկա է նկատել` ամրացված մեքենայի ներքին հատվածում:

Ինչպես հաղորդում է Life.ru-ն, ավտոսրահ ժամանած ոստիկաններն ու սակրավորները որոշել են անհապաղ տարհանել շենքը: Արդյունքում պարզվել է, որ Սուրգուտի բնակիչներից մեկն ամեն առավոտ սկոտչով տոպրակի մեջ փաթաթված հեռախոս է ամրացրել կնոջ մեքենային:

Հեռախոսին միացված GPS-նավիգացիոն համակարգի շնորհիվ խանդող ամուսինը հետևում է կնոջ տեղաշարժին ողջ օրվա ընթացքում:

Անվտանգության նկատառումներից ելնելով ողջ ավտոսրահը տարհանվել էր, իսկ դեպքի վայր էին ժամանել սակրավորներն ու իրավապահները: Ներկա պահին ամուսինները գտնվում են ոստիկանության բաժանմունքում` ցուցմունք տալու համար: