Ուկրաինայում երեք ծնողից բեղմնավորված երեխա է ծնվել

19:05 • 17.01.17

Ուկրաինայում ծնվել է աշխարհի առաջին երեխան, որի ԴՆԹ-ն վերցվել է երեք ծնողներից բեղմնավորված ձվաբջիջը դոնորական ձվաբջիջ տեղափոխելու մեթոդի միջոցով: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով Надежда Վերարտադրողական բժշկության կլինիկայի տնօրեն Վալերի Զուկինին:

Սեպտեմբերին հաղորդվել է, որ Մեքսիկայում ծնվել է երեք ծնողի ԴՆԹ նյութ կրող երեխա, սակայն Զուկինը նշել է, որ դեպքերը տարբեր են:

«Հունվարի սկզբին ծնվել է մեր երեխան: Աղջիկը դուրս է գրվել ծննդատնից մի քանի օր առաջ: Ո՞րն է այս դեպքի եզակիությունը, ինչո՞ւ է այն առաջինն աշխարհում: Մեր դեպքում իրականացվել է միաբջիջ սաղմի բեղմնավորված ձվաբջջի տեղափոխում, իսկ Մեքսիկայում եղել են դեռևս չբեղմնավորված ձվաբջիջներ», - պարզաբանել է կլինիկայի տնօրենը:

Զուկինի խոսքով`ձվաբջջի բեղմնավորումից հետո դրա մեջ երկու միջուկ է ձևավորվում` մեկը մորից, մյուսը` հորից: Այս երկու միջուկները մայրական ձվաբջջից հանվել և տեղափոխվել են դոնորական ձվաբջիջ, որից ավելի վաղ հանվել է երկու միջուկ: Այս գործընթացի անհրաժեշտությունը ծագել է, քանի որ կինն անպտուղ է եղել:

Զուկինը նաև նշել է, որ հիվանդություն կրող մուտացիայի ենթարկված գեները մնացել են մայրական ձվաբջջում, իսկ դոնորական ձվաբջիջ օգտագործելու շնորհիվ հաջողվել է խուսափել հիվանդության փոխանցումից երեխային: