Ամերիկացին կնոջ սպանությունը թաքցնելու համար նրա անունից գրառումներ է արել Facebook-ում
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի բնակիչը գրառումներ է արել իր կնոջ Facebook-յան էջում` նրա սպանությունը թաքցնելու համար:
The Washington Post-ի հաղորդմամբ` 42-ամյա Ջորջ Մաքշեյն կրտսերը և նրա կին Քրիստենը վիճել են հունվարի 6-ի լույս 7-ի գիշերը: Տղամարդը պատմել է ոստիկանությանը, որ զայրույթի պահին խեղդել է կնոջը:
Դրանից հետո Մաքշեյնը փորձել է թաքցնել տեղի ունեցածն ընտանիքից և ընկերներից ու սկսել է կնոջ անունից գրառումներ անել Facebook-ում:
«Չեմ կարող հավատալ, որ հեռախոսս գցել եմ զուգարանը: Այնպիսի հիմար եմ: Գրեք ինձ այստեղ, մինչև վերանորոգեմ այն», - ասվում էր հունվարի 7-ին Քրիստենի էջում արված գրառման մեջ:
Ջորջը մի քանի անգամ թարմացրել է կնոջ էջի գլխավոր լուսանկարն ու մի քանի գրառում արել: Դրանից բացի, նա ակտիվորեն պատասխանել է կնոջ ընկերների բոլոր հաղորդագրություններին:
Կայքի հաղորդմամբ` միջադեպից մի քանի օր անց ոստիկանություն են կանչել ամուսինների տուն: Ոստիկանության աշխատակիցները Քրիստենի մարմինը հայտնաբերել են ննջասենյակում, իսկ Ջորջին գտել են ավտոտնակում` ավտոմեքենայի մեջ, որտեղ նա փորձել է ինքնասպանություն գործել:
Նշվում է, որ տղամարդուն ներկայացվել է երկրորդ աստիճանի սպանության մեղադրանք:










