ԵԱՀԿ-ում նախագահության շրջանակում Ավստրիայի հիմնական խնդիրներից է հակամարտությունների կարգավորմանը նպաստելը. Կուրց
ԵԱՀԿ-ում նախագահության շրջանակում Ավստրիայի հիմնական խնդիրներից մեկը լինելու է հակամարտությունների կարգավորմանը նպաստելը: Այդ մասին Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է Ավստրիայի արտգործնախարար Սեբաստյան Կուրցը: Նա նշել է, որ մեծ ուշադրություն է հատկացվելու Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը:
«Ավստրիան ԵԱՀԿ-ում նախագահության շրջանակում ընտրել է 3 հիմնական ուղղություն: Առաջինը՝ նախևառաջ նպաստելն է հակամարտությունների լիցքաթափմանը, բնականաբար մեծ ուշադրություն է հատկացվելու Ուկրաինային, երկրորդը՝ վստահության վերականգնման հարցն է: Մենք կորցրել ենք միմյանց նկատմամբ վստահությունը ԵԱՀԿ շրջանակներում: Երրորդը՝ պայքարն է ծայրահեղականության և ահաբեկչության դեմ»,- ասել է Ավստրիայի արտգործնախարարը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ-ն նախագահող Ավստրիայի արտգործնախարար Սեբաստյան Կուրցը բանակցություններ են անցկացնում Մոսկվայում: ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտնել էր, որ կողմերը հանդիպման ընթացքում կքննարկեն հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ սիրիական կարգավորումը, իրավիճակն Ուկրաինայում, Լեռնային Ղարաբաղում, Մերձդնեստրում, ինչպես նաև Եմենում և Լիբիայում:










