Իտալիայում 1 ժամվա ընթացքում 3 երկրաշարժ է տեղի ունեցել. Հռոմում տարհանել են մետրոյի ուղևորներին

15:21 • 18.01.17

Իտալիայում մեկ ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է The Daily Mail-ը: Երրորդ ցնցումը՝ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ, տեղի է ունեցել Հռոմից 106 կիլոմետր հյուսիս-արևելք: Այդ մասին հայտնել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:


Երկու նախկին երկրաշարժերը եղել են 5,6 և 5,3 մագնիտուդ ուժգնության:


Զոհերի և վիրավորների մասին դեռ չի հաղորդվում:


Հաղորդվում է, որ Հռոմում տարհանվել են մետրոյի ուղևորները, ինչպես նաև՝ մի քանի դպրոց:


«Մենք սկսել ենք ստուգել տարածքը, դեռ մեզ ոչ ոք օգնության համար չի դիմել»,- հայտնել է Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Ֆաբրիցիո Կուրչոն:


Նա հստակեցրել է, որ երկրորդ ստորգետնյա ցնցումը տեղի է ունեցել Լացիո մարզի սահմանին՝ Հռոմից 110 կիլոմետր հեռավորության վրա: Այդ գոտին էր օգոստոսի 24-ին ենթարկվել ավերիչ երկրաշարժի, որի ժամանակ 300 մարդ էր զոհվել:


Նշվում է, որ ցնցումները զգացվել են Լացիո, Մարկե, Աբրուցո մարզերում, ինչպես նաև Իտալիայի մայրաքաղաքում: