Օբաման մեղմել է WikiLeaks-ի տեղեկատու Չելսի Մենինգի դատավճիռը. նա ազատ կարձակվի այս տարի
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեղմել է Չելսի Մենինգի դատավճիռը, որը դատապարտվել էր 35 տարվա ազատազրկման WiliLeaks սկանդալային կայքին գաղտնի փաստաթղթեր փոխանցելու համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
29-ամյա տրանսգենդեր Չելսի Մենինգն ազատ կարձակվի այս տարվա մայիսի 17-ին՝ չնայած դատավճռի համաձայն նրան պետք է ազատեին միայն 2045 թվականին:
Ծառայություն անցնելով Իրաքում 2010 թվականին՝ հետախուզության կրտսեր վերլուծաբանը ռազմական գործողությունների մասին հազարավոր դիվանագիտական զեկույցներ է փոխանցել Ջուլիան Ասանժի ստեղծած WikiLeaks կայքին: Դա դարձել է ԱՄՆ-ի պատմության մեջ գաղտնի փաստաթղթերի ամենախոշոր արտահոսքերից մեկը:
Շարքային Մենինգը լսումների ժամանակ հայտարարել է, որ փոխանցել է փաստաթղթերը՝ հույս ունենալով հանրային քննարկումներ առաջացնել ԱՄՆ-ի միջազգային քաղաքականության և ռազմական ռազմավարության մասին:










