Բժիշկներն ասում են՝ վիրահատությունը նորմալ է անցել. Արցախում վիրավորված զինվորի հարազատներ
Նախօրեի երեկոյան Արցախում գլխից ծանր վիրավորված 19-ամյա ժամկետային զինծառայող Գուրգեն Սարգսյանի վիրահատությունը նորմալ է անցել, սակայն նա դեռ միացված է արհեստական շնչառության ապարատին:
«Առայժմ նույն կարգավիճակում է, վիրահատող բժիշկն ասում է՝ վիրահատությունը նորմալ է անցել, Աստծո վրա ա մեր հույսը»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Գուրգենի հորեղբայրը՝ Ավետիք Սարգսյանը, ով Գուրգենի ծնողների հետ այժմ Ստեփականակերտի հոսպիտալում է:
Զինվորի հորեղբայրը նաև հավելեց, որ Գուրգենի վիճակը կայուն ծանր է, նա գլխուղեղի բեկորային վնասվածք է ունեցել:
Նշենք, որ Գուրգեն Սարգսյանը Վայոց ձորի մարզի Հորբատեղ գյուղից է, ամռանն արդեն պիտի զորացրվի: Հորբատեղի գյուղապետ Գագիկ Սանդրոսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Ասկերանում ծառայող Գուրգենը վիրավորվել է պարանոցի հատվածում:
Ըստ գյուղապետի՝ Գուրգենի ընտանիքը գյուղատնտեսությամբ է զբաղվում: Գուրգենի քույրն ամուսնացել է, մյուս եղբայրը փոքր է:
Հիշեցնենք, որ Արցախի առաջին կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Գուրգեն Սարգսյանի հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները։
Նախնական տվյալներով՝ ժամկետային զինծառայող, շարքային Գուրգեն Հարությունի Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում՝ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիքում հերթապահություն իրականացնելիս՝ կրտսեր սերժանտի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:










