3 եղբայր են, նա փոքրն էր. գյուղապետն Արցախում այսօր մահացած զինվորի մասին

18:27 • 18.01.17

Այսօր Լեռնային Ղարաբաղում մահացած 19-ամյա զինվոր Անդրանիկ Մուսիկյանը Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղից էր: 

Tert.am-ի հետ զրույցում Գեղհովիտի գյուղապետ Վարդան Պողոսյանը հայտնեց, որ զինկոմիսարիատից իրեն են զանգել, տեղեկացրել, որ զինվորը մահացել է:

«1-1,5 ժամ առաջ զինկոմիսարիատից իմացանք: Ծնողները նոր են իմացել, ահավոր խառը վիճակում են, իրենց քրտինքով աշխատող ժողովուրդ են, խելացի, արտագնա աշխատանքով մի կերպ ապրում են: Ջաբրայիլում էր ծառայում արդեն 1 տարի 7 ամիս: Գյուղում շատ վատ են ընդունել լուրը: Իրենք 3 եղբայր են, 2-ը ծառայել են, ինքը փոքրն էր: Նորմալ, խելացի, շատ կարգին երեխա էր: Իրանց ընտանիքը շատ խելացի ժողովուրդ են»,-ասաց գյուղապետը:

Նրա խոսքերով՝ Անդրանիկի մահվան հանգամանքները դեռ պարզ չեն, զինկոմիսարիատից ասել են՝ նախնական տեղեկություններով մահացել է դիպուկահարի կրակոցից:

«Էգուց իրեն բերում են Երևան»,-հավելեց գյուղապետը:

Նշենք, որ 19-ամյա Անդրանիկը վերջին գրառումը ֆեյսբուքում արել էր հոկտեմբերի 14-ին. «Մնաց 288 օր»:

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհվել է զինծառայող` 1997թ. ծնված Անդրանիկ Սմբատի Մուսիկյանը: