Ջոն Հեֆերնն ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար է դարձել

14:12 • 26.01.17

2011-2014 թվականներին Հայաստանում ԱՄՆ դեսպան աշխատած Ջոն Հեֆերնն ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար է դարձել: Այդ մասին հայտնի է դարձել ԱՄՆ պետքարտուղարության կայքից:


Ավելի վաղ հայտնի է դարձել, որ հունվարի 20-ին Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնից հեռացել է Վիկտորյա Նուլանդը՝ եվրոպական քաղաքական դաշտում ամերիկյան դիվանագիտության ամենագլխավոր պաշտոնյաներից մեկը: Նա հայտնի է որպես «Եվրամայդանի» գլխավոր աջակիցներից մեկը:


Նրա հետ միասին իրենց պաշտոններից և պետքարտուղարությունից հեռանում են մի շարք այլ բարձրաստիճան դիվանագետներ:


Ջոն Հեֆերնը 2015 թվականի օգոստոսից զբաղեցնում էր ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի գլխավոր տեղակալի պաշտոնը:


Պետքարտուղար Ջոն Քերիի հրաժարականից հետո պետքարտուղարության ղեկավարի պարտականությունները կատարում է նրա նախկին տեղակալ Թոմաս Շենոնը: Այդ պաշտոնին նոր նախագահ Դոնալդ Թրամփն առաջադրել է Exxon Mobile ընկերության նախկին ղեկավար Ռեքս Թիլերսոնին, ում թեկնածությունը, սակայն, դեռ չի հաստատվել Սենատում: