Չավուշօղլուն Արգենտինայում անդրադարձել է Հայոց ցեղասպանության խնդրին

17:34 • 31.01.17

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Արգենտինա կատարած այցի ընթացքում անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության խնդրին, գրում է թուրքական «Ա Հաբեր» գործակալությունը:

«Մեր արգենտինացի գործընկերներին ասացինք, որ թույլ չենք տա, որպեսզի մեր հարաբերություններն այդ հարցի գերին դառնան», - թուրք լրագրողների հետ զրույցում իր և Արգենտինայի արտաքին գործերի նախարար Սուսանա Մալկորրայի հետ հանդիպման մասին խոսել է Չավուշօղլուն:

Ինչպես հայտնում է «Ասպարեզը»՝ Արգենտինայի հայ համայնքն իր հերթին բոյկոտել է Չավուշօղլուի այցը:

«Արգենտինայի հայ համայնքը, որի մեծ մասը կազմված է Թուրքիայի կողմից 1915-1923թթ.-ին իրագործված Ցեղասպանության հետևանքով գաղթածներից, մերժում և դատապարտում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի այցն Արգենտինա: Չավուշօղլուն ոչ միայն հանցագործ պետության ներկայացուցիչ է, այլև Թուրքիայի մերժողական քաղաքականության շարժիչ ուժը: Որպես արտգործնախարար՝ Չավուշօղլուն փորձում է ահաբեկել բոլոր նրանց, ովքեր ճանաչում կամ նույնիսկ ակնարկում են Հայոց ցեղասպանության մասին», - ասվում է հայ համայնքի տարածած հաղորդագրության մեջ: