Թուրքիայում քրդամետներից հետո սկսվել է նաև քեմալականների «որսը». ձերբակալվել է ընդդիմադիր գործիչ

09:53 • 01.02.17

Թուրքիայում քրդամետներից հետո հետապնդումների հերթը հասել է նաև քեմալականներին: Ստամբուլում ձերբակալվել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Սերա Քադըգիլը, այս մասին գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»:

Քադըգիլն օրեր առաջ Twitter-ի իր պաշտոնական էջում հրապարակել էր «Ինչո՞ւ եմ ես «ՈՉ» ասում» վերնագրով տեսանյութ, որում թվարկում էր այն պատճառները, թե ինչու Թուրքիայի յուրաքանչյուր քաղաքացի պետք է դեմ քվեարկի իշխող կուսակցության կազմած սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծին, որը ներառում է նաև կառավարման նախագահական համակարգին անցման առաջարկ:

Քեմալական գործիչը ձերբակալվել է Ստամբուլի Չաղլայան արդարադատության պալատում, ուր գնացել էր մեկ այլ գործի շրջանակում ցուցմունք տալու: 

Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգին: 18 հոդվածից բաղկացած օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 339 պատգամավոր: Այնուհետ օրենքը կդրվի հանրաքվեի, ինչից հետո էլ կկայացվի վերջնական որոշում: