Ընտրակաշառքների դեպքերը հնարավոր է կանխել հիմնականում հանրության աջակցության շնորհիվ. Ոստիկանության շտաբի պետ

16:19 • 02.02.17

ՀՀ ոստիկանությունը ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իր լիազորություններն ու պարտականությունները օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակում՝ «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի» նախագծի հանրային քննարկում էր կազմակերպել, որին մասնակցում էին ոստիկանության պաշտոնատար անձինք։

Մասնավորապես, քննարկմանը մասնակցում էին Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը, ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետ Աղասի Կիրակոսյանը, նրա տեղակալ Մեհրաբյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ու «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը և այլք:

Արթուր Սաքունցը ողջունեց նման հանրային քննարկման նախաձեռնումը, ասելով, որ սա առաջին անգամն է, որ քաղաքացիական հասարակությունը մասնակցում է ոստիկանությանը վերաբերող որևէ փաստաթղթի մշակմանը:

Անդրադառնալով ուղեցույցի նախագծին՝ Արթուր Սաքունցն ասաց, որ մի քանի դիտարկում ունի, որոնցից մեկը վերաբերում է ոստիկանների գործողություններին ոչ միայն ընտրության օրը, այլ նաև նախընտրական քարոզարշավի շրջանակներում:

ՀՔԱՎ գրասենյակի ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ է խիստ հսկողություն սահմանել նաև քրեորեն հետապնդելի արարքների նկատմամբ, այդ ուղղությամբ անհրաժեշտ է հետևողականություն ցուցաբերել, մասնավորապես ընտրակաշառքների վերաբերյալ:

Սաքունցի խոսքով՝ մտահոգիչ է նաև վարչական ռեսուրսների օգտագործման դեպքերը.«Լինում են դեպքեր, երբ այս կամ այն թեկնածուն օգտագործում է իր վարչական լծակները: Լինում են, որ ծառայողական մեքենաներով են գալիս քարոզարշավի»:

Արթուր Սաքունցը նաև նշեց, որ իր առաջարկները կներկայացնի նաև գրավոր, նաև բանավոր պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջարկները գրավոր ներկայացնելուց հետո կրկին իրականացնել հանրային քննարկում։

Հովհաննես Քոչարյանը համաձայնեց Արթուր Սաքունցի այն դիտարկման հետ, որ ոստիկանական հարկադրանք կիրառելու կարգը բաց է մնացել.«Ես էլ եմ համակարծիք, որ հարկադրանք կիրառելու կարգը բաց է մնացել: Ոստիկանությունը միջամտության սահմանները պետք կիրառվեն»:

Անդրադառնալով Արթուր Սաքունցի դիտարկմանը, թե անհրաժեշտ է խիստ հսկողություն սահմանել քրեորեն հետապնդվող արարքների նկատմամբ, ասաց որ դա ոչ միայն ուղեցույցում, այլ նաև ուղեցույցից դուրս դժվար թե իրականանա.«Կփորձենք ուղեցույցի ծավալը շատ չավելացնել, բայց ձեր հիմանական հարցերին կանդրադառնանք»:

Անդրադառնալով Արթուր Սաքունցի նշած՝ ընտրողներին ընտրատեղամաս ուղեկցելու դեպքերին, Հովհաննես Քոչարյանն ասաց, որ ամեն անգամ չէ, որ ժողովրդին ընտրատեղամաս ուղեկցելը կարելի է դիտարկել հակաիրավական.«Դա կարող է հակաիրավական բովանդակություն չունենալ»:

Ինչ վերաբերում է ընտրակաշառքի դեպքերին, Հովհաննես Քոչարյանն ասաց, որ այդ դեպքերը հնարավոր է կանխարգելել հիմնականում հանրության աջակցության շնորհիվ.«Հակառակ պարագայում այդ դեպքերի բացահայտման աճ չի գրանցվի, որքանով էլ ոստիկանը թիվ մեկ իրավապահն է ընտրությունների ժամանակ, միևնույն է սրանք թաքնվող հանցագործություններ են: Իհարկե, ոստիկանության հնարավորությունները պետք չէ թերագնահատել, ես գիտեմ, որ կան հատուկ միջոցներ, սակայն ինֆորմացիան ստանալու հարցով հանրության ներգրավումը երկար ժամանակով մնալու է որոշիչ»: