Կենդանիների վարակի վտանգ չկա, եթե սահմանին ծառայությունը պատշաճ իրականացվի. Հրաչ Բերբերյան

21:46 • 03.02.17

 

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը գտնում է, որ այսօր Թուրքիայից և Իրանից գյուղատնտեսական կենդանիների վարակի վտանգ չկա, եթե սահմանին ծառայությունը պատշաճ իրականացվի: Անդրադառնալով Թուրքիայից ու Իրանից եկող վտանգը կանխելու և գյուղատնտեսական կենդանիների տեղաշարժի նկատմամբ հսկողությունն էլ ավելի ուժեղացնելու անհրաժեշտությանը, Tert.am-ի հետ զրույցում նա ասաց, որ կարծում է, թե խստագույնս վերահսկողություն է իրականացվում:

«Խնդիրները ծագում են այն ժամանակ, երբ անբարեխիղճ ծառայողներ կան, որոնք փորձում են ձեռքերը տաքացնել՝ չհասկանալով, որ դա վնաս է ոչ միայն ընդհանրապես ազգաբնակչությանը, այլ ընդհանրապես երկրի տնտեսությանը»,- ասաց նա:

Հրաչ Բերբերյանի կարծիքով՝ խստագույնս միջոցներ ձեռնարկվում են տարանցիկ հիվանդությունների հետ կապված, որ դրանք Հայաստան չներթափանցեն:

«Մենք ազատ երկիր ենք, ազատ տնտեսություն է և խստագույնս պետք է մոտենանք միջազգային նորմերին: Կարծում եմ, որ սահմանի վրա ամեն ինչ կարելի է կարգավորել:

Պետությունը ամեն ինչ անում է, որ այդ վարակները չլինեն, այստեղ մնում է բարեխիղճ կամ ոչ բարեխիղճ աշխատողներ»,-ասաց նա և նշեց, որ Հայաստանում այդ միջազգային նորմերը դեռ պահպանվում են: