Դատարանը մերժել է Մելանյա Թրամփի՝ 150 մլն դոլարի հայցը The Daily Mail պարբերականի դեմ

12:23 • 03.02.17

ԱՄՆ Մերիլենդ նահանգի դատարանը մերժել է երկրի առաջին տիկին Մելանյա Թրամփի՝ բրիտանական The Daily Mail պարբերականի դեմ ներկայացված հայցը, որում 46-ամյա կինը 150 մլն դոլարի փոխհատուցում էր  պահանջում իրեն վարկաբեկելու համար:


Ինչպես հաղորդում է buzzfeed.com-ը, Մելանյա Թրամփը հայցը ներկայացրել էր սեպտեմբերին: Հայտնի է, որ նա վարկաբեկման համար փոխհատուցում էր պահանջել ոչ միայն բրիտանական հրատարակությունից, այլև՝  բլոգեր Վեբսթեր Գրիֆին Թարփլիից, որը գրել էր, որ 1990-ականներին ապագա առաջին տիկինն աշխատել է էսկորտ ծառայությունում՝ այլկերպ ասած՝ փողի դիմաց սեռական կապի մեջ է մտել հարուստ տղամարդկանց հետ:


Աղբյուրը մանրամասնում է, որ դատարանի մերժման պատճառը եղել է այն, որ Մերիլենդի դատարանն իրավասու չէ քննել օտարերկրյա ընկերության մասնակցությամբ գործեր. The Daily Mail-ը բրիտանական պարբերական է:


Հայտնի է, որ այժմ Մելանյա Թրամփը պատրաստվում է հայցը ներկայացնել Նյու Յորքի դատարան: