Իսպանացին երկու տարվա ազատազրկման է դատապարտվել սոցցանցերում բռնության և ահաբեկչության կոչեր անելու համար

23:01 • 03.02.17

Իսպանիայի ազգային դատական կոլեգիան երկու տարի ժամկետով ազատազրկման է դատապարտել տղամարդուն, ով կանանց հանդեպ բռնություն կիրառելու և ահաբեկչական ակտեր իրականացնելու կոչեր է արել Twitter սոցցանցում:

РИА Новости-ի հաղորդմամբ` իր գրառումներից մեկում 21-ամյա Բերենգեր Ժորդի Մոյա Էրնանդեսը վիրավորանք է հասցրել անհետ կորած կնոջը: Դրանից բացի, Էրնանդեսն ահաբեկչությունը փառաբանող գրառումներ է հրապարակել:

Նշվում է, որ Էրնանդեսը մոտ 2 հազար հետևորդ է ունեցել Twitter-ում, և նրանցից մի քանիսը ոստիկանություն է դիմել: Այն բանից հետո, երբ նրա հաշիվն արգելափակվել է, նա նոր հաշիվ է բացել և շարունակել վիրավորական բովանդակությամբ հաղորդագրություններ գրել:

Դատի ժամանակ մեղադրյալը հայտնել է, որ ինքը չի պատրաստվել կանանց հանդեպ բռնություն հրահրել, այլ ցանկացել է ուշադրություն հրավիրել այն խնդրին, «որն ինքը շատ կարևոր է համարում»:

Դատարանը որոշել է, որ նման կատակները չի կարելի դիտարկել որպես կատակ կամ սև հումոր:

«Բարդ է, եթե ոչ անհնար, թույլ տալ, որ նա ցանկացել է ուշադրություն գրավել բռնության խնդրի հանդեպ: Այս հաղորդագրություններն արտահայտում են ամեն ինչ, բացի մտահոգությունից: Թվիթերյան գրառումների բովանդակությունը կանանց նկատմամբ խտրականությունն է», - ասվում է դատարանի որոշման մեջ: