Սիրիական բանակն իր վերահսկողության տակ է առել Հալեպի նահանգի հյուսիս-արևելյան 32 ավան և Հալեպ-Էլ Բաբ մայրուղին

13:50 • 04.02.17

Սիրիական բանակի հրամանատարությունը պաշտոնապես հաստատել է Հալեպի նահանգի ծայրամասային հյուսիս-արևելյան 32 ավանի և ագարակի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ազատագրման և Հալեպ-Էլ Բաբ ճանապարհին լիարժեք վերահսկողություն սահմանելու մասին լուրը: Այս մասին հայտնում է Հալեպի հայկական պարբերականներից «Գանձասարը»:

«Սիրիական բանակի ուժերը 20 օր առաջ Հալեպի հյուսիս-արևելյան ծայրամասերում իրենց դաշնակիցների և աջակից ուժերի հետ համատեղ սկսած ռազմական գործողության ընթացքում հաջողել են ԻՊ-ից ազատագրել 250 ք/կմ տարածությամբ ավելի քան 32 ավան և ագարակ և իրենց վերահսկողության տակ առնել Հալեպ-Էլ Բաբ մայրուղու՝ 16 ք/կմ-ի հասնող տարածքը», - ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:



Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ դեկտեմբերի 12-ին Սիրիայի պետական պաշտոնական աղբյուրները հաստատել են Հալեպ քաղաքի ամբողջական ազատագրումը։