ՄՒԵԴ-ն ընթացք է տվել Անդրիաս Ղուկասյանի դիմումին

11:16 • 04.02.17

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ընթացք է տվել քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի դիմումին, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը։

«Մենք վիճարկում են կալանքի օրինականությունը, պնդելով, որ այն խախտում է նաև նրա մյուս իրավունքները, այդ թվում քաղաքական գործընթացներին մասնակցելու իրավունքը: ՄԻԵԴ դիմել ենք Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 39-րդ, 40-րդ և 41-րդ հոդվածներով»,– ասաց փաստաբանը:

Կարեն Մեժլումյանն ասաց, որ ՄԻԵԴ դիմումն ուղարկվել է հունվարի 18-ին, դատարանին խնդրել են գործը քննել արագացված կարգով։

Անդրիաս Ղուկասյանի պաշտպանը հայտնեց, որ քանի դեռ ներպետական բոլոր ատյանները սպառած չեն, հնարավոր է ՄԻԵԴ-ը դիմումին ընթացք չտար, սակայն այնտեղից պահանջել են հիմնական բողոքը:

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 225-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով` զանգվածային անկարգություններ հրահրելը։

Անդրիաս Ղուկասյանն անազատության մեջ է հուլիսի 30-ից՝ Սարի թաղի դեպքերից հետո: