Չինացին վեճի ժամանակ դանակահարել է 5 հարևաններին

10:21 • 04.02.17

Չինական Հենան նահանգի բնակիչը վիճաբանության ժամանակ դանակահարել է իր 5 հարևաններին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով «Սինհուա» գործակալությանը:

Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 3-ին` Յունչեն քաղաքային շրջանում: Ոստիկանության տվյալներով` Լու ազգանունով տղամարդը միջադեպի վայրում դանակով սպանել է երեք հարևանին և վնասել ևս չորսին, որոնցից երկուսն ավելի ուշ մահացել են հիվանդանոցում:

Նշվում է, որ միջադեպից հետո տղամարդն ինքնասպանության փորձ է արել: Դեպքի վայր ժամանած իրավապահները ձերբակալել են նրան: Հարևանների միջև ծագած վիճաբանության ենթադրյալ պատճառ է դարձել հողատարածքի հարցը: