Կոլումբիայի 17-ամյա բնակիչը ձերբակալվել է առնվազն 30 սպանություն իրականացնելու համար

09:46 • 04.02.17

Կոլումբիայի իրավապահ մարմինները ձերբակալել են «Ֆրիոլիտո» մականվամբ հայտնի 17-ամյա երիտասարդին` Կալի քաղաքում առնվազն 30 սպանություն իրականացնելու համար: Այս մասին հաղորդում է Terra Columbia-ն:

Նշվում է, որ կասկածյալի անունը չի բացահայտվում նրա անչափահասության պատճառով: Կալիի ոստիկանության հրամանատար Ուգո Կասասի խոսքով` ենթադրյալ հանցագործը սկսել է սպանություններ իրականացնել 12 տարեկանից՝ այն բանից հետո, երբ քաղաք է եկել Կաուկա դեպարտամենտից, որտեղ բնակվել է ծնողների հետ:

Քննիչների վարկածի համաձայն`«Ֆրիոլիտոյի» հաշվին ավելի քան 30 հանցագործություն կա, այդ թվում` երկակի սպանություն տեղական առևտրի կենտրոնում:

Ոստիկանների ենթադրությամբ՝ ի սկզբանե երիտասարդն անդամակցել է տեղական հանցավոր խմբավորումներից մեկին, այնուհետև գլխավորել է սեփական խմբավորումը, որը զբաղվել է սպանություններով և թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ:

Այժմ ձերբակալվածը գտնվում է անչափահասների վերականգնողական կենտրոնում: Երբ լրանա նրա 18 տարին, նա կտեղափոխվի մեծահասակների գաղութ: