Հարթագյուղում ինքնասպան եղած տղամարդ բանակում ուներ որդի և 2 ամուսնացած դուստր

15:06 • 04.02.17

Փետրվարի 3-ին Սպիտակի Հարթագյուղ գյուղում ինքնասպանություն գործած տղամարդը գործազուրկ էր, երբեմն-երբեմն մեկնում էր Ռուսաստան` արտագնա աշխատանքի: Նա ուներ երկու ամուսնացած, չափահաս դուստրեր և որդի, որը ծառայում է բանակում։

Մանրամասները Tert.am-ի հետ զրույցում տրամադրեց Հարթագյուղի գյուղապետ Անդրանիկ Հարությունյանը:

Խոսելով նրանց ընտանիքի, նրանց սոցիալական պայմանների մասին՝ գյուղապետն ասաց. «Ո՛չ լավ, ո՛չ վատ էին ապրում, միջին ապրող ընտանիք էին»։

Անդրանիկ Հարությունյանը չպատասխանեց հարցին, թե գյուղում իրենց համագյուղացու ինքնասպանության ինչ վարկած է շրջանառվում: Ասաց, որ տղամարդը հիվանդ չէր, պարտքեր չուներ: 

Հիշեցնենք, որ  փետրվարի 3-ին՝ ժամը 18:50-ին, ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Սպիտակի շրջանի Հարթագյուղ համայնքում 1966 թվականին ծնված Հ.Հ.-ն իր տանը կից գոմում կախվել է: «Մեկնած խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 17:00-ի սահմաններում իր տանը կից գոմում Հ. Հ.-ն ինքնասպանություն է գործել գերանից պարանով կախվելու միջոցով: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,- Tert.am–ին ասել էր Ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը՝ հավելելով, որ կատարվում է քննություն։