Եթե իրեղեն ապացույցներ տանք, որ իր տրամադրած օգնությունն օգտագործվում է մեր դեմ, ապա ԱՄՆ-ն կարող է դեղին քարտ ցույց տալ Ադրբեջանին․ Սուրեն Սարգսյան
Պետք է մեր ամերիկացի գործընկերներին ներկայացնենք, որ Ադրբեջանի կողմից խախտվում է ոչ միայն 907 բանաձևի տրամաբանությունը, այլև ԱՄՆ նախագահի ամենամյա ուղերձը Կոնգրեսին և Սենատին, որով ինքը խնդրում է, որ իրեն Ադրբեջանին ֆինանսական օգնություն ցուցաբերելու հնարավորություն ընձեռվի: Tert.am-ի հետ զրույցում խնդիրը բարձրաձայնեց «Թաֆթս» համալսարանի «Ֆլետչեր»-ի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող Սուրեն Սարգսյանը :
«Ադրբեջանին տրվող ռազմական օգնության ուղղություններն են Կասպից ծովի սահմանի պաշտպանությունը, ահաբեկչության դեմ պայքարը, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը: Դրանք հիմնականում կրթական բնույթ են ունենում, դասընթացներ են լինում կամ այլ մասնագիտական ուղղվածության ծրագրեր են իրականացվում Միացյալ Նահանգների ռազմական ինստիտուտներում, որին մասնակցում են ադրբեջանցի զինվորականները»,- նշեց Սուրեն Սարգսյանը:
Նա մատնանշեց, որ Միացյալ Նահանգների նախագահը Սենատին և կոնգրեսականներին վստահեցնում է, որ ռազմական օգնությունը չի կարող խանգարել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցային գործընթացին: Սակայն, ըստ Սուրեն Սարգսյանի՝ արդեն կան փաստեր, որ այդ ռազմական օգնության շնորհիվ Միացյալ Նահանգներում կրթություն ստացած զինվորականները մասնակցել են նաև Ապրիլյան պատերազմին:
«Թալիշում երկու ադրբեջանցի դիվերսանտ ենք ոչնչացվել, որոնք կրթություն են ստացել ԱՄՆ-ում: Եվ այս փաստը ունենալով, կարող ենք համոզվել, որ խախտվում է ոչ միայն 907 բանաձևը, այլ նաև ԱՄՆ նախագահի խոսքը, որ իրենց տրամադրած օգնությունը չի խաթարի Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը»,- ասաց Սուրեն Սարգսյանը՝ առաջարկելով այդ փաստի վրա հրավիրել Միացյալ Նահանգների նախագահի ուշադրությունը:
Քաղաքագետը նշեց, որ պարզապես նախագահին պետք է հասկացնել, որ իր տրամադրած օգնությունն Ալիևն օգտագործել է խաղաղ բնակչության դեմ:
Նշենք, որ 907 բանաձևով, որը Կոնգրեսը ընդունել է 1992 թվականին, ԱՄՆ կառավարությանն արգելել է Ադրբեջանի Հանրապետության կառավարությանը ուղիղ օժանդակություն ցուցաբերել։
Սուրեն Սարգսյանը հիշատակեց, որ բանաձևը ԱՄՆ ղեկավարությունը շրջանցեց 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո: Հայկական լոբբիստական կազմակերպություններն էլ չկարողացան միջամտել, քանի որ զգացին, որ ԱՄՆ շահերին դեմ կգնան:
«Ակնհայտ էր, որ Ադրբեջանը փորձելու էր Միացյալ Նահանգներին օժանդակել՝ իհարկե վերջիններից ինչ-որ բան սպասելով: Ադրբեջանին էլ տրամադրեցին որոշակի օգնություն՝ պայմանով, որ այն չի օգտագործվի Հայաստանի դեմ»,- պատմեց նա:
Ըստ նրա՝ մինչ ապրիլը ապացույցներ չկային այն մասին, որ Ադրբեջանը ամերիկյան օգնությունն օգտագործում է Հայաստանի դեմ, սակայն Թալիշում սպանված զինվորականներն արդեն այդ մասին փաստում են:
Քաղաքագետի խոսքով՝ ԱՄՆ-ի վարչակազմին 907 բանաձևի գոյության մասին պետք է ակտիվորեն հիշեցնեն և՛ հայաստանյան իշխանությունները, և՛ Ամերիկայում գործող հայկական լոբբիստական կազմակերպությունները: «Պետք է, իհարկե, հասկանալ, որ այստեղ Միացյալ Նահանգները կոնկրետ պետական շահ ունի, բայց մենք հասկանում ենք, որ Միացյալ Նահանգների և Ադրբեջանի շահերը չպետք է օգտագործվեն Հայաստանի դեմ: Դա հասկանում է նաև Միացյալ Նահանգների կառավարությունը: Եթե իրենց իրեղեն ապացույցներ տանք, որ երկու զինվորականները մասնակցել են պատերազմի Թալիշում, ապա կարծում եմ՝ Միացյալ Նահանգները կարող է դեղին քարտ ցույց տալ Ադրբեջանին»,- ասաց նա:










