Եկել է Մերձդնեստրի կարգավիճակը քննարկելու ժամանակը. Մոլդովայի վարչապետ

14:05 • 04.02.17

Պաշտոնական Քիշնևը կարծում է, որ եկել է Մերձդնեստրի՝ որպես Մոլդովայի բաղկացուցիչ մաս հատուկ իրավական կարգավիճակի մշակման հարցը քննարկելու ժամանակը: Այս մասին հայտնել է Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպն Ավստրիայի արտգործնախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստիան Կուրցի հետ հանդիպման արդյունքում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

Ֆիլիպը համոզմունք է հայտնել, որ «2017 թվականն ավելի հետևողական կլինի իրադարձությունների հարցում և ավելի արգասաբեր` մերձդնեստրյան հարցի կարգավորման համար՝ ներառյալ «5+2» և «1+1» ձևաչափով հանդիպումների ինտենսիվությունը»:

Հայտնի է, որ հունիսի սկզբին, երկամյա դադարից հետո, վերսկսվել են մերձդնեստրյան հարցի կարգավորմանն ուղղված «5+2» ձևաչափով բանակցությունները, որոնց մասնակցում են Քիշնևն ու Տիրասպոլը՝ որպես հակամարտության կողմեր, Ռուսաստանը, Ուկրաինան և ԵԱՀԿ-ն` որպես միջնորդներ, իսկ Եվրոպական Միությունն ու ԱՄՆ-ն` որպես դիտորդներ:

Ֆիլիպն ընդգծել է, որ պաշտոնական Քիշնևը դեմ է դաշնայնացմանը: «Մեր դիրքորոշումը դաշնայնացման վերաբերյալ կտրուկ է: Չենք կարծում, որ դա լավ որոշում է», - ասել է նա:

Աղբյուրը հիշեցնում է, որ Մերձդնեստրը, որի բնակչության 60 տոկոսը կազմում են ռուսներն ու ուկրաինացիները, ձգտել է Մոլդովայի կազմից դուրս գալ դեռևս ԽՍՀՄ փլուզումից առաջ` մտավախություններ ունենալով, որ ազգայնականության ալիքի ֆոնին Մոլդովան կմիանա Ռումինիային: