Մշակվում է օրինագիծ՝ կոռուպցիոն հանցագործությունների մասին հաղորդում ներկայացնողների իրավունքների պաշտպանության մասին. Կարեն Զադոյան (տեսանյութ)
Ապրիլյան իրադարձություններից հետո պարզ դարձավ, որ կոռուպցիան չարիք է, որի վտանգավորությունը զգում են թե՛ հանրությունը, թե՛ քաղաքական ուժերը, և թե՛ իշխանությունները, որոնք հասկացան՝ լուրջ պայքար պետք է մղել կոռուպցիայի դեմ: Tert.am-ի հետ զրույցում ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը:
Վերջինս ասաց, որ ապրիլից հետո կառավարությունը փակ հանդիպում էր անցկացնում փորձագետների հետ, որոնցից մեկին ինքն էլ անձամբ մասնակցել է ու ներկայացրել առաջարկներ՝ կոռուպցիոն խնդիրների լուծմանն ուղված մեխանիզմների մասին, ինչից մեկ շաբաթ անց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտնել է, որ գործադիր մարմինը հետաքրքրված է դրանցով:
«Պայմանավորվել ենք ներկայացրել ճանապարհային քարտեզ: Ներկայացրել եմ 6 կետանոց փաթեթ (ապօրինի հարստացման քրեականացում, անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծում, տեղեկատվություն հայտնող անձանց՝ ազդարարների մասին օրենքի ընդունում, վարչական կոռուպցիայի դեմ պայքարով զբաղվող կենտրոնի գործարկում, իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրում, բիզնես ոլորտի կոռուպցիոն խնդիրների վերհանում, լուծում՝ կառավարություն-ՔՀԿ-ներ-բիզնես ասոցիացիաներ ձևաչափով): Այս 6 կետերը քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստում, կան լուրջ ձեռքբերումներ»,- նշեց Կարեն Զադոյանը:
Նա նշեց, որ ապօրինի հարստացման քրեականացման մասին օրինագիծը ստորագրվեց ՀՀ նախագահի կողմից և հուլիսի 1-ից կգործադրվի:
Ինչ վերաբերում է անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծմանը, ապա Կարեն Զադոյանը նկատեց, որ ՀՀ նախագահի կողմից Արդարադատության նախարարի ղեկավարությամբ ձևավորվել աշխատանքային խումբ, որին հանձնարարվել է վերջնական մոտեցում ձևավորել:
«Կա համապատասխան քաղաքական կամք ու որոշում ստեղծելու նման մարմին: Գուցե՝ դեռ չենք գնում վերջնական, լավագույն մոդելի՝ ունիվերսալ մարմնի ստեղծմանը, բայց այն, որ ունենալու ենք կոռուպցիոն հանցագործությունները առանձին քննող մարմին, ևս ողջունելի է»,- ասաց Կարեն Զադոյանը:
Նա կարևորեց նաև կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում այն անձանց իրավունքների պաշտպանությունը, ովքեր հայտնում են կոռուպցիոն հանցագործության մասին: Ըստ այդմ, ըստ Կարեն Զադոյանի, իրենք առաջարկում են մշակել ազդարարների մասին օրենքի նախագիծ:
«Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի վերջին նիստում արդարադատության նախարարի հետ ներկայացրել ենք խնդիրը, Հայաստանում պետք է օրենսդրություն ընդունվի: Կա հանձնարարական՝ սեղմ ժամկետներում ներկայացրել նախագիծը: Ստեղծվել է աշխատանքային խումբ: Օրենքը տալու է հնարավորություն ազդարարների իրավունքները պաշտպանել: Կա մոտեցում՝ դասական պաշտպանության, այսինքն՝ կոռուպցիոն հանցագործությունների մասին հայտնողի աշխատավայրն են փոխում, կամ բնակավայրը, որպեսզի խնդիրներ չառաջանան: Անգամ՝ անուն ազգանունը, որ հաշվեհարդարի զոհ չդառնա:
Կարծում ենք, որ Հայաստանը փոքր է, բոլորը իրար ճանաչում են, բացի այդ՝ ՀՀ բյուջեն չունի հնարավորություն այս բոլոր միջոցները կիրառելու: Ուստի մենք եկանք այն եզրակացության, որ Հայաստանում պետք է լինի ինովացիոն հարթակ, որը հնարավորություն կտա ապահովել հաղորդում տվող անձանց անանունությունը: Այն IP-ից, որից կուղարկվի հաղորդագրությունը, այն կկոդավորվի, ստացող կողմը չի կարողանա իմանալ, թե ով է հաղորդագրության հեղինակը, բայց կարող է նրա հետ հետադարձ կապ հաստատել, հարցաքննել, որ հիմնավորող տվյալներ տրվեն»,- հայտնեց Կարեն Զադոյանը:
Հարցին՝ չկա՞ ռիսկ, որ այդպիսով կեղծ ահազանգերի թիվը կարող է գերակշռել, ապա Զադոյանը պատասխանեց, որ դա է պատճառը, որ հաղորդում տվողների հետ հետադարձ կապ է հաստատվելու և այն ահազանգը, որը հետադարձ կապով չի պատասխանվի, դրան ընթացք չեն տա:
Զադոյանն ասաց, որ ներկայումս էլ հաղորդում ներկայացնողները չեն ցանկանում վտանգի տակ դնել իրենց անվտանգությունը և հաղորդում ներկայացնելիս անուն-ազգանունը հայտնելուց խուսափում են:










