Բրիտանիայում գողը կողոպուտի անհաջող փորձի ժամանակ կախված է մնացել երկրորդ հարկի զուգարանի պատուհանից

23:26 • 05.02.17

Մեծ Բրիտանիայում դատապարտվել է մասնավոր տուն ներխուժելու փորձ կատարած կողոպտիչը, ով փորձել էր տուն մտնել պատուհանից:

Ինչպես գրում է Lenta.ru-ն, միջադեպը տեղի էր ունեցել դեկտեմբերին Ռեդքլիֆ քաղաքում: Խանութից վերադարձող տարեց կինը նկատել էր, որ իր տան երկրորդ հարկի զուգարանի պատուհանը բաց է, և պատուհանից անծանոթ տղամարդ է կախված:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները անօգնական գողին հայտնաբերել են շենքի դրսի կողմում` 4.5 մետր բարձրությունից կախված:

Փրկարարներից 20 րոպե է պահանջվել տղամարդուն պատուհանից իջեցնելու և օրինապահներին հանձնելու համար: 47-ամյա Շոն Քրոշոուն խոստովանել է, որ փորձել է կողոպտել բնակարանը: Դատարանը վերջինիս դատապարտել է 2 տարի 5 ամսվա ազատազրկման: