Հռոմի պապի տեսաուղերձը կցուցադրվի ԱՄՆ «Սուպերբոլ-2017-ի» ժամանակ

21:42 • 05.02.17

ԱՄՆ-ի Ֆուտբոլի ազգային լիգայի Սուպեր գավաթի եզրափակիչ հանդիպման` Սուպերբոլի տոնակատարությանն այս տարի հանդես կգան ոչ միայն հայտնի երգիչները, այլև Հռոմի պապը:

Ինչպես տեղեկացնում է Business Insider-ը, Ֆրանցիսկոս պապը տեսանյութ է ձայնագրել, որը կցուցադրվի կիրակնօրյա եզրափակիչ խաղի ժամանակ, որն անցկացվելու է «Նյու Ինգլենդ Պետրիոտս» և «Ատլանտա Ֆալքոնս» թիմերի միջև:

Վատիկանի մամլո խոսնակը հայտնել է, որ տեսաուղերձը նախատեսվում է ցուցադրել Հյուսթոնի մարզադաշտի էկրանով խաղից առաջ կամ առաջին խաղակեսի ընթացքում:

Ըստ ավանդույթի` խաղի ընդմիջման ժամանակ աստղերի մասնակցությամբ շոու է անցկացվում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ խաղի ընդմիջման ժամանակ այս տարի ելույթ է ունենալու ամերիկացի երգչուհի Լեդի Գագան: