Ասանժը կոչ է արել Մեծ Բրիտանիային և Շվեդիային վերականգնել իր ազատությունը

12:36 • 06.02.17

WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժը կրկին դիմել է Մեծ Բրիտանիայի և Շվեդիայի իշխանություններին՝ խնդրելով վերադարձնել իր ազատությունը: Այդ մասին հայտնում է BBC-ն, որի տրամադրության տակ է հայտնվել Ասանժի հայտարարությունը:


«Ես կոչ եմ անում Բրիտանիային և Շվեդիային ճիշտ վարվել և վերականգնել իմ ազատությունը: Այդ երկու պետությունները ստորագրել են ՄԱԿ-ի և մարդու իրավունքների ոլորտում նրա մեխանիզմները ճանաչելու մասին համաձայնագրեր»,- ասել է Wikileaks-ի հիմնադիրը, որն արդեն մի քանի տարի է, ինչ ապրում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ Շվեդիա արտահանձնումից խուսափելու համար, որտեղ նա կարող է արտաքսվել ԱՄՆ:


2016 թվականի փետրվարի 5-ին ՄԱԿ-ի աշխատանքային խմբի փորձագետներն անօրինական են ճանաչել Ասանժի ձերբակալությունը: Նրանց կարծիքով՝ ազատության զրկման տարբեր ձևերը, որոնց նա ենթարկվել է, անօրինական ձերբակալության տեսակներից են:


«Ասանժի անօրինական ձերբակալությունը պետք է ավարտվի, պետք է հարգել նրա ֆիզիկական անձեռնմխելիությունը և տեղաշարժի ազատությունը, ինչպես նաև նա պետք է ունենա փոխհատուցման իրավունք»,- նշված էր փաստաթղթում: Խումբն ընդգծել է, որ այդ փորձագիտական եզրակացությունն իրավաբանորեն պարտավորեցնող է:


Ասանժն ապաստան է խնդրել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը 2012 թվականի հունիսին՝ վախենալով Շվեդիայի արտահանձնումից, որտեղ նրան կասկածում են սեռական բնույթի հանցագործությունների համար: WikiLeaks-ի հիմնադիրը հերքում է մեղադրանքները և դրանք քաղաքական է անվանում: