Աստանայում սկսվել է Սիրիայի հարցով Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համատեղ օպերատիվ խմբի նիստը
Աստանայում սկսվել է Սիրիայում հրադադարի վերահսկողության հարցով Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համատեղ օպերատիվ խմբի նիստը, դրան մասնակցում են նաև ՄԱԿ-ի և Հորդանանի փորձագետները: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է տեղեկացված աղբյուրը:
Ավելի վաղ հունվարի 23-24-ին Աստանայում սիրիական կարգավորման հարցով բանակցություններին երաշխավոր երկրները (Իրան, Ռուսաստան, Թուրքիա) պայմանավորվել են Սիրիայում հրադադարի ռեժիմի վերահսկողության համար եռակողմ մեխանիզմի մասին: Մեխանիզմի և դրա իրականացման մանրամասները նախատեսվում է քննարկել Աստանայում օպերատիվ խմբի առաջին հանդիպմանը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարել է, որ Աստանայում այդ հանդիպումները կանոնավոր բնույթ կկրեն: Իր հերթին, Ղազախստանի արտգործնախարար Կայրատ Աբդրահմանովը հայտարարել է, որ հանդիպումը կրելու է տեխնիկական բնույթ:










