Շիրակի մարզում 7 երիտասարդ ոտքերով և քարերով հարվածել են 3 ոստիկանի. նրանք վնասվածքներով հոսպիտալացվել են

13:22 • 06.02.17

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ 03.02.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու փաստերով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական գլխավոր վարչությունում և Երևանի քննչական վարչությունում հարուցված երկու քրեական գործ:

Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից։ 

Քրեական քործերից մեկի նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալներով` բռնություն է գործադրվել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ՔՀԲ պետ Խաչատուր Պ.-ի, նրա տեղակալ Հակոբ Ա.-ի  և նույն բաժնի տեսուչ Տիգրան Դ.-ի նկատմամբ:

Մասնավորապես, ըստ նախաքննական նյութերի, վերջիններս 24.06.2016թ.-ին ստացված ահազանգի  հիման վրա դեպքի վայր մեկնելու  ճանապարհին` Ղարսի խճուղու հատվածում, կանգնեցրել են ձայնային ազդանշանները միացրած և երթևեկության կանոնների խախտմամբ ընթացող «Մերսեդես Բենց» ու «Ֆոլսկվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաները, որոնց մեջ յոթ երիտասարդ այդ ընթացքում բղավում և հայհոյում էին: Ոստիկանության աշխատակիցները փորձել են կարգի հրավիրել երիտասարդներին, սակայն վերջիններս ի պատասխան հարձակվել են ոստիկանների վրա և ձեռքերով, ոտքերով ու քարերով հարվածել նրանց: Միջադեպի հետևանքով ոստիկանները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: