Ռումինիայի խորհրդարանը չորեքշաբթի կքննարկի կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը
Ռումինիայի խորհրդարանը չորեքշաբթի կքննարկի կառավարությանն անվստահություն հայտնելու հայցը: Այդ մասին երկրի օրենսդիր մարմնի երկու պալատների համատեղ նիստի ժամանակ հայտարարել է պատգամավորների պալատի նախագահ Գաբրիել Վլասեն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կառավարությանն անվստահության քվեն նախաձեռնել են Ազգային լիբերալ կուսակցությունը և «Ռումինիայի փրկության միություն» կուսակցությունը: Երկուշաբթի այդ նախաձեռնությանն աջակցության մասին հայտարարել է 25 մարդուց բաղկացած «Ժողովրդական շարժում» կուսակցության խորհրդարանական խումբը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել ցույցի՝ չնայած նրան, որ կառավարությունն արդեն չեղյալ է հայտարարել սկանդալային հրամանը, որն առաջացրել է բողոքի ցույցերը:
Կիրակի օրը Ռումինիայի իշխանությունները չեղյալ են հայտարարել որոշումը, որով քրեական պատասխանատվությունից ազատվում էին 200 հազար ռումինական լեյից (47,5 հազար դոլար) պակաս վնասով կոռուպցիայի համար մեղադրված պաշտոնյաները:
Ռումինիայի բնակիչները, սակայն, կրկին դուրս են եկել բողոքի ակցիայի: Նրանց մոտ մտավախություններ են առաջացնում հրամանը խմբագրելու և այն խորհրդարանի հաստատմանն ուղարկելու կառավարության ծրագրերը:
Արդեն վեցերորդ օրն անընդմեջ անցկացվող ցույցի մասնակիցները պահանջում են կառավարության հրաժարականը










