Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան համաձայնեցրել են Սիրիայում հրադադարի մեխանիզմի 90 տոկոսը

15:12 • 06.02.17

Իրանը, ՌԴ-ն և Թուրքիան Աստանայում համատեղ օպերատիվ խմբի առաջին հանդիպման ժամանակ համաձայնեցրել են Սիրիայում հրադադարի վերահսկողության մեխանիզմի 90 տոկոսը: Որոշակի տարաձայնություններ կան միայն ձևակերպումների առնչությամբ: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են պատվիրակություններից մեկում:


«Ես կգնահատեի 90 տոկոսով»,- հայտարարել է աղբյուրը՝ պատասխանելով հրադադարի մեխանիզմի պատրաստ լինելու աստիճանի մասին հարցին:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Աստանայում սկսվել է Սիրիայում հրադադարի վերահսկողության հարցով Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համատեղ օպերատիվ խմբի նիստը, որին մասնակցում են նաև ՄԱԿ-ի և Հորդանանի փորձագետները: 


Հունվարի 23-24-ին Աստանայում սիրիական կարգավորման հարցով բանակցություններին երաշխավոր երկրները (Իրան, Ռուսաստան, Թուրքիա) պայմանավորվել են Սիրիայում հրադադարի ռեժիմի վերահսկողության համար եռակողմ մեխանիզմի մասին: 

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարել է, որ Աստանայում այդ հանդիպումները կանոնավոր բնույթ կկրեն: Իր հերթին, Ղազախստանի արտգործնախարար Կայրատ Աբդրահմանովը հայտարարել է, որ հանդիպումը կրելու է տեխնիկական բնույթ: