Տաջիկստանում օրինական են համարել Դուշանբեի քաղաքապետի պաշտոնում նախագահի որդու նշանակումը
Տաջիկստանի օրենսդրությունը չի խախտվել Դուշանբեի քաղաքապետի պաշտոնում հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի 29-ամյա որդու՝ Ռուստամ Էմոմալիի նշանակմամբ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Պետական ծառայության հարցերով գործակալության ղեկավար Ջումա Դավլաթովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Տաջիկստանի նախագահի ավագ որդին Դուշանբեի քաղաքապետ է նշանակվել հունվարի 12-ին: Նախկինում Ռուստամ Էմոմալին գլխավորում էր Մաքսային ծառայությունը և Հակակոռուպցիոն գերատեսչությունը:
«Մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնում Ռուստամ Էմոմալիի նշանակմամբ երկրի օրենսդրությունը չի խախտվել, դա պետական կառույցներում կադրերի երիտասարդացման քաղաքականության շարունակությունն է, որն արդեն մի քանի տարի իրականացվում է Տաջիկստանում»,- ասել է Դավլաթովը՝ նշելով, որ «ոչ մեկ չի կարող արգելել նախագահի երեխաներին բարձր պաշտոններ զբաղեցնել պետական կառույցներում»:










