Իսրայելական անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարը եղել է բանակցությունների կարևոր կետերից մեկը. փորձագետը՝ Իրան-Հայաստան ռազմական համագործակցության մասին

19:06 • 07.02.17

Այն, ինչ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ Իրան այցի ժամանակ հայտարարությունների տեսքով հնչեց, «այսբերգի» մի մասն  է․Tert.am-ի հետ  զրույցում՝ անդրադառնալով Հայաստան-Իրան հնարավոր ռազմական համագործակցությանը,  այս մասին ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ,իրանագետ Արմեն Վարդանյանը:

«Իսրայելական անօդաչու թռչող սարքերի հարցը եղել է այդ բանակցությունների կարևոր կետերից մեկը»,- նշեց փորձագետը՝ հավելելով, որ իր կարծիքով հարցը գլխացավանք է դարձել ոչ միայն Հայաստանի համար, այլ նաև Իրանի: Արմեն Վարդանյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ մի քանի անգամ Թեհրանի օդում խփել են իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքեր:

Արմեն Վարդանյանը նշեց, որ վերջին շրջանում Իրանում աշխատանքներ են տանում անօդաչու թռչող սարքերը հայտնաբերելու ուղղությամբ: «Հնարավոր է՝ այդ ուղղությամբ Հայաստանի և Իրանի միջև ռազմական համագործակցություն լինի, որովհետև ապրիլյան պատերազմի ժամանակ էլ և՛ թռչող հետախուզական անօդաչու սարքեր, և՛ հարվածային զենքեր պայթեցվեցին: Դրանց տվյալները հնարավոր է, որ Հայաստանը փոխանցի Իրանին, փորձի փոխանակում լինի: Վստահ եմ, որ այս ուղղությամբ համատեղ պայքարի միջոցներ երկու երկրները կձեռնարկեն»,- նշեց փորձագետը:

Դիտարկմանը, թե նախարար Վիգեն Սարգսյանի՝ Իրան այցի ժամանակ խոսվել է անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում համագործակցության մասին, հնարավոր է՝ զենքի առք ու վաճառք լինի երկու երկրների միջև, Արմեն Վարդանյանը պատասխանեց: «Ես հիմա բացառում եմ, որ առք ու վաճառք լինի: Եթե լինի էլ, ապա բացահայտ չի լինի»,- ասաց նա՝ նշելով, որ ինքը բացառում է զենքի առքուվաճառը երկու երկրների միջև, քանի որ իրանական զենքը դեռևս չի կարող մրցակցել ռուսականի հետ, նաև Հայաստանը, որպես ՀԱՊԿ անդամ, Ռուսաստանից շատ ավելի էժան է կարողանում զենք ձեռք բերել: Ըստ Արմեն Վարդանյանի՝ Իրանը Հայաստանին զենք չի կարող վաճառել նաև այն պատճառով, որ Իրանում շատ են էթնիկ ադրբեջանցիները, որոնք նաև զբաղեցնում են քաղաքական էլիտայի մի մասը: