Հնդկաստանում Խաղաղության նոբելյան մրցանակակրից գողացել են մրցանակի վկայականը

15:41 • 07.02.17

Հնդկաստանում իրավապաշտպան և Նոբելյան մրցանակի դափնեկիր Կայլաշ Սատյարտհիի բնակարանից գողացել են մրցանակի վկայականն ու մեդալի պատճենը, հաղորդում է Korrespondent-ը:

Այժմ արտերկրում գտնվող Սատյարտհիի խոսքով` գողությունը տեղի է ունեցել փետրվարի 7-ի առավոտյան, երբ տանը մարդ չի եղել:

«Տանս դռան կողպեքը կոտրել են, և գողացվել է իմ վկայականն ու մեդալի պատճենը, ինչպես նաև` այլ իրեր: Մենք դեռևս ստուգում ենք` ինչ է կորել տնից», - պատմել է տուժածը:

Հնդկական լրատվամիջոցների տվյալներով` հանցագործները գողացել են նաև թանկարժեք զարդեր և այլ իրեր:

Նշվում է, որ Կայլաշ Սատյարտհին Խաղաղության նոբելյան մրցանակի է արժանացել 2014 թվականին` Հնդկաստանում երեխաների առևանգման և շահագործման դեմ պայքարի համար: