Իսրայելի խորհրդարանն օրինականացրել է պաղեստինյան հողերի վրա կառուցված տները

11:47 • 07.02.17

Իսրայելի խորհրդարանն օրենք է ընդունել, որն օրինականացնում է մոտ չորս հազար տները, որոնք ապօրինի կերպով կառուցվել են օկուպացված Արևմտյան ափի բնակավայրերում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Օրենքի նախագիծը հավանության է արժանացել 60 կողմ, 52 դեմ ձայնով:


Պատգամավորների կողմից հաստատված փաստաթղթում նշվում է, որ պաղեստինցիները, որոնց ի սկզբանե պատկանել են հողերը, որպես փոխհատուցում կստանան գումար կամ այլ հողակտոր:


Նշվում է, որ ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփն ավելի մեղմ դիրքորոշում է ընդունել իսրայելական բնակավայրերի նկատմամբ, քան նրան նախորդող Բարաք Օբաման՝ չնայած միջազգային հանրության քննադատությանը:


Այդ ֆոնին Իսրայելը վերջին շաբաթների ընթացքում քայլեր է ձեռնարկել տների կառուցմանն աջակցության ուղղությամբ:


Օրենքի նախագիծը ոչ միանշանակ գնահատականի է արժանացել հասարակության շրջանում և հավանաբար կվիճարկվի դատարանում:


Իսրայելի գլխավոր դատախազն օրենքի նախագիծը հակասահմանադրական է անվանել և հայտարարել է, որ չի պաշտպանելու Գերագույն դատարանում:


«Դա սրացում է, որը կբերի միայն ավելի շատ անկայունության և քաոսի»,- հայտարարել է պաղեստինցիների առաջնորդ Մահմուդ Աբասը: