Մելանյա Թրամփը կրկին 150 մլն դոլարի հայց է ներկայացրել The Daily Mail-ի դեմ
Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփն իրեն վարկաբեկելու համար կրկին դատական հայց է ներկայացրել հանրահայտ The Daily Mail պարբերականի դեմ՝ ակնկալելով հրատարակչությունից 150 մլն դոլարի փոխհատուցում ստանալ:
Ինչպես նշում է The Hill-ը, 46-ամյա կինն այժմ հայց է ներկայացրել Նյու Յորքի դատարան, քանի որ ավելի վաղ Մերիլենդի դատարանում ներկայացված հայցը մերժվել էր:
Աղբյուրը մանրամասնում է, որ առաջին տիկնոջ հայցն ուղղված է պարբերականի և հայտնի բլոգեր Վեբսթեր Գրիֆին Թարփլիի դեմ, որն անցած սեպտեմբերին հրապարակված հոդվածում նշել էր, որ Մելանյա Թրամփը երիտասարդ տարիքում էսկորտ ծառայություններ է մատուցել՝ այլ կերպ ասած՝ գումարի դիմաց սեռական կապի մեջ է մտել հարուստ տղամարդկանց հետ:
Հիշեցնենք, որ Մերիլենդի դատարանը մերժել էր առաջին տիկնոջ հայցը, քանի որ իրավասու չէ քննել օտարերկրյա ընկերության մասնակցությամբ գործեր. The Daily Mail-ը բրիտանական պարբերական է:










