Նավթի վաճառքից ստացված ԻՊ-ի եկամուտները 2016 թվականին կրկնակի կրճատվել են. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ֆինանսական միջոցների մոտ 80 տոկոսը ստանում է նավթի և գազի վաճառքից, ինչպես նաև՝ շորթումից: Այսպես, 2016 թվականին ԻՊ-ն ածխաջրածնի վաճառքի հաշվին ստացել է 260 միլիոն դոլար: Այդ մասին երկուշաբթի հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, գրում է interfax.ru-ն:
Հումքը մեծ մասամբ ստացվել է սիրիական Դեյր էր Զոր շրջանից: Ընդ որում՝ 2015 թվականին նավթի վաճառքից ծայրահեղականների եկամուտը կազմել է մոտ 500 միլիոն դոլար:
Նա հայտնել է, որ ԻՊ-ի ահաբեկիչներն իրենց աջակիցների հետ կապի և նոր անդամների հավաքագրման համար ավելի ու ավելի ակտիվ են օգտագործում այնպիսի միջոցներ, ինչպիսիք են գաղտնագրումը, «մութ» վեբկայքերը և մեսենջերները:
Գուտերեշը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը վերջին ժամանակներս դրական արդյունքներ է տալիս, սակայն գրոհայինների կողմից ահաբեկչություն իրականացնելու վտանգը բարձր է մնում:
Նրա խոսքով՝ ահաբեկիչներն օգտագործում են «իրենց կապերն» այլ երկրներում գործող խմբերի հետ հակամարտությունների գոտիների սահմաններից դուրս հարձակումներ պատրաստելու համար: Այդ պատճառով ահաբեկչությունների վտանգը, այդ թվում օդանավակայաններում և ինքնաթիռներում, «բարձր է մնում»:










